«Վեցյակի» հետ համաձայնագիր չի լինի, եթե պատժամիջոցները չհանվեն. Իրանի նախագահ

11:31 • 09.04.15

Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդ «վեցյակի» հետ վերջնական համաձայնագիր չի կնքի, եթե նույն օրը չչեղարկվեն Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ria.ru-ն:

 

«Իրանը չի ստորագրի խոշոր գերտերությունների հետ միջուկային համաձայնագիր, եթե չհանվեն բոլոր պատժամիջոցները»,- ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում:

 

Միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) և Իրանն ապրիլի 2-ին պայմանավորվել են, որ 10 տարվա ընթացքում կդադարեցվի ուրանի հարստացման իրանական հնարավորությունների երկու երրորդը: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը դնել միջազգային հսկողության տակ՝ 25 տարի ժամկետով: «Վեցյակը» և Իրանը մտադիր են ավարտել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պատրաստումը հունիսի 30-ին: Ընդ որում՝ ԵՄ-ն հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման դեպքում: