ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

13:31 • 09.04.15

Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր: