Օդրի Հեփբերնի ընտանիքը խորտակված «Սևոլ» նավի զոհերի հիշատակին անտառ կտնկի
Դերասանուհի Օդրի Հեփբերնի ընտանիքը Հարավային Կորեայի հարավ-արևմուտքում անտառ կտնկի՝ ի հիշատակ խորտակված «Սևոլ» նավի զոհերի, գրում է РИА Новости-ն։
Ակցիայի նախաձեռնությունը պատկանում է Հեփբերնի անվան միության նախագահ և դերասանուհու ավագ որդի Շոն Հեփբերն Ֆերերին, ով անտառի համար նվիրաբերել է 50.000 դոլար։ Նախատեսվում է ծառերը տնկել ուրբաթ օրը, Չինդո կղզում։
«Արդեն մեկ տարի է անցել, և ընտանիքներին ծաղիկներ ուղարկելու փոխարեն մենք որոշել ենք ստեղծել ինչ-որ գեղեցիկ մի բան։ Մենք ցանկանում ենք հիմք դնել, որի վրա կծաղկեն հույսի և հանգստության զգացումները։ Մենք կստեղծենք մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա սկսել կառուցել ապագան, որում նման ողբերգությունները չեն կրկնվի»,- ասել է միության նախագահը։
Օդրի Հեփբերնը եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան 1989-ից մինչև իր մահը՝ 1993թ.։
Հիշեցնենք, որ 476 ուղևորներով «Սևոլ» նավը խորտակվել էր Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերին 2014թ. ապրիլի 16-ին։ Ողբերգության զոհն էր դարձել 295 մարդ, նրանցից 250-ն աշակերտներ էին։











