Թռիչքի ժամանակ կայծակը հարվածել է ուղևորատար Boeing-757-ին (լուսանկարներ)
Ռեյկյավիկ-Դենվեր չվերթն իրականացնող իսլանդական Icelandair ավիաընկերության ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Պատահարը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, հայտնում է Корреспондент-ը։
Կայծակը հարվածել է Boeing-757 ինքնաթիռին Ռեյկյավիկի Կեֆլավիկ օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո։ Քանի որ օդանավի համակարգերը չեն արձագանքել հարվածին, հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը։
Կայծակի հարվածի հետևանքով առաջացած անցքը նկատել են միայն վայրէջք կատարելուց հետո։ Ինքնաթիռն ուղարկվել է վերանորոգման։ Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Փորձագետների համաձայն՝ նման վնասվածքները չափազանց հազվադեպ են լինում, քանի որ ժամանակակից օդանավերի արտաքին ծածկը նախատեսված է կայծակի հարվածին դիմակայելու համար։














