Քիմ Քարդաշյանի այցը Երևան իրարանցում է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը (լուսանկարներ)
Ինչպես և սպասվում էր, հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իրարանցում է առաջացրել ոչ միայն հետխորհրդային երկրում, այլև ողջ աշխարհում, գրում է The Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը գրում է, որ Երևան ժամանելուց և երկրպագուների կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո, Քիմն ու նրա քույրը՝ Քլոեն, հինգշաբթի սկսել են այցելել տեսարժան վայրեր և լուսանկարվել տեղի զբոսայգիներից մեկում և հնագույն հուշարձանների մոտ, «սելֆիներ» արել տեղի երկրպագուների հետ, որոնք անկախ տարիքից՝ դուրս են եկել աստղերին դիմավորելու, իրենց հիացմունքը հայտնել սոցցանցերում, ինչպես նաև հանդիպում ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչի ընթացքում ներողություն են խնդրել հայերեն չխոսելու համար և խոստացել շարունակել Հայոց ցեղասպանության դատապարտման համար պայքարը:
Ինչպես գրում է պարբերականը, Քարդաշյանների ընտանիքն այցելել է Հայաստան, մինչ երկիրը պատրաստվում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին: Պարբերականը հիշեցնում է, որ Քիմը և նրա ընտանիքը նախորդ տարիներին հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման կոչեր են հնչեցրել: Այցի շրջանակում Քարդաշյանները և նկարահանող խումբը կայցելեն Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան և Հայաստանի ազգային արխիվ՝ Քարդաշյանների ընտանիքի նախնիների մասին փաստաթղթերը տեսնելու համար:
The Daily Beast-ը գրում է, որ թեև Քիմ Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստան այցը կապ չունի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի պաշտոնական միջոցառումների հետ և որ աստղը պարզապես ցանկանում է ծանոթանալ իր հայկական արմատներին, ոչ ոք չի կարող ժխտել Քարդաշյանի ջանքերը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու ուղղությամբ և որ նա իսկապես ցանկանում է, որ մարդիկ իմանան և հիշեն Հայոց ցեղասպանության մասին: Պարբերականը հիշեցնում է նախորդ տարիներին այս ուղղությամբ Քիմ Քարդաշյանի կատարած քայլերը և նշում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս շնորհակալություն է հայտնել նրան Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում աջակցության համար:
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հատուկ ընդունելության է արժանացել Հայաստանում, գրում է New York Daily News-ը՝ նշելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին: Պարբերականը, ներկայացնելով այցի մանրամասները, հիշեցրել է նաև, որ հայերը պատրաստվում են հիշատակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչի կապակցությամբ կիրակի օրը Հռոմի պապը պատարագ է մատուցելու Վատիկանում:
New York Daily News-ը նաև առանձին շարքով ներկայացրել է Քարդաշյաննների այցի լուսանկարները և նշել, որ Քարդաշյանները Հայաստան միայն տեսարժան վայրեր այցելելու համար չեն եկել. նրանք նաև հանդիպել են ՀՀ վարչապետի հետ, ում հետ հանդիպումից հետո լուսանկարվել են Հայաստանի դրոշի կողքին:
Politico.com-ն անդրադարձել է Քարդաշյանների և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը և ներկայացրել հանդիպումից հետո ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, որտեղ վարչապետը բարձր է գնահատել Քարդաշյանների ընտանիքի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում:
Հաշվի առնելով այն, որ այժմ Քարդաշյանները Հայաստանում են՝ Еonline.com-ը գրում է, որ այժմ լավագույն ժամանակն է բոլորի համար իմանալ հայկական մշակույթի մասին և ներկայացրել է հայկական մշակույթի և պատմության մասին 10 հետաքրքիր փաստ: Պարբերականը հիշեցնում է աշխարհահռչակ անձանց, ովքեր նույնպես հայկական արմատներ ունեն, ինչպես նաև այն փաստը, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել: Հայաստանի մասին հետաքրքիր փաստերի թվում լրատվամիջոցը նշում է նաև այն, որ 2011 թվականին գիտնականները եզրակացության են եկել, որ հայերն առաջինն են հայտնաբերել գինին, ինչպես նաև՝ որ հայերն առաջինն են հայտնաբերել մածունը (աղբյուրի բնորոշմամբ՝ յոգուրտ) և սուրճը:

















































