The New York Times-ի հոդվածագիրը հայտնվել է ադրբեջանական «սև ցուցակում»

14:36 • 10.04.15

Ադրբեջանի արտգործնախարարությունն ամերիկյան The New York Times թերթի թղթակից Սեթ Կուգելին մեղադրում է «Պետական սահմանի մասին» Ադրբեջանի օրենքը խախտելու համար, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Լրագրողն այցելել է Արցախ և նյութ պատրաստել «Կովկասյան լեռներում ջերմ ընդունելության» մասին։

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե The New York Times-ում հրապարակված նրա հոդվածն «անարգանք է լսարանի և ադրբեջանցի փախստականների համար»։

 

Նա հոդվածագրին մեղադրել է հայկական լոբբիի պատվերը կատարելու համար։

 

Հաջիևը հայտարարել է, որ Սեթ Կուգելի անունն անցանկալի անձանց «սև ցուցակում» է հայտնվել։

 

Հոդվածում հեղինակը պատմել է Լեռնային Ղարաբաղում անցկացրած իր արձակուրդի մասին։

 

«Արևմուտքում Հայաստանի հետ հանդարտ սահմանն է, իսկ արևելքում՝ սահմանն Ադրբեջանի հետ, որտեղ մշտապես կրակում են դիպուկահարները, իսկ որոշ ժամանակ առաջ ուղղաթիռ էր խոցվել։ Լեռնային Ղարաբաղի դժվարին պատմությունը սկսվում է դարերի խորքից։ Ամենավերջինը 1990-ականների սկզբի դաժան պատերազմն էր, որի ընթացքում  հայաբնակ տարածքը հռչակեց իր անկախությունը։

 

Չնայած ԼՂ-ն ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված չէ, սակայն հանրապետությունում ունեն սեփական դրոշն ու կառավարությունը՝ սերտորեն կապված Հայաստանի հետ»,-ասված է հոդվածում։

 

Հեղինակը նշում է, որ տարածաշրջանը զբոսաշրջության համար լայն հնարավորություններ ունի և ապահով գոտի է համարվում ճանապարհորդների համար։

 

Կուգելը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունը զբոսաշրջիկների համար ձեռնտու է նաև բյուջեի առումով։ Ինքն անձամբ ծախսել է 100 ԱՄՆ դոլար, ինչի կեսը կազմել են տրանսպորտային ծախսերը։