Օբամային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ. LA Times
Ամեն տարի ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մոտենալուն պես լոբբինգ է իրականացվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ անելով օգտագործել «ցեղասպանություն» բառն Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունը նկարագրելիս: Եվ ամեն տարի, չնայած որպես թեկնածու տված խոստումներին, Օբաման հրաժարվում է օգտագործել այդ բառը՝ զայրացնելով ու հիասթափեցնելով ամերիկահայերին, գրում է Los Angeles Times-ը:
Այս տարի ամերիկահայերը հույս ունեն, որ այլ կերպ կլինի: Այս տարի նշվում է 100-ամյա տարելիցը, մեծ հետաքրքրություն առաջացնող, սիմվոլիզմի և ակտիվ գործունեության շրջան: Սա նաև Օբամայի նախագահության «մթնշաղի» շրջանն է, երբ նախագահն ավելի շատ քաջություն է ցուցաբերում սկզբունքային հարցերի շուրջ՝ սկսելով վերանայել իր գործունեությունը:
Չնայած պատմաբանների եզրակացությանը, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, կարևոր տարածաշրջանում դաշնակցին՝ Թուրքիային վշտացնելու շուրջ մտահոգություններն իրենց կողմն են թեքել նախագահներին և Կոնգրեսի անդամներին, գրում է թերթը:
Շատ ամերիկահայեր խուսափում են Օբամային քննադատելուց՝ հուսալով, որ այս տարի նա այնուամենայնիվ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։
Ինչպես նշում է թերթը, անցած տարի ամերիկահայերը խորհրդանշական հաղթանակ են տարել, երբ Կոնգրեսի անդամների օգնությամբ համոզել են Սպիտակ տանը ցուցադրել Հայոց ցեղասպանության հետ կապված գորգը Սպիտակ տան այցելուների կենտրոնում:
Թերթը հիշեցնում է, որ Օբաման սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ բազմիցս կոչ է արել օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, նա քննադատել է նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար մեկ այլ դեսպանով փոխարինելու համար:
Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ իրեն Սպիտակ տանը, մասնավորապես՝ Ազգային անվտանգության խորհրդում բարձրաստիճան անձինք հայտնել են, որ նախագահի աշխատակազմը 2009 թվականից ի վեր իրականացնում է խնդրի առաջին մանրամասն ուսումնասիրությունը: Աշխատակազմից չեն մեկնաբանել ուսումնասիրության ընթացքի մասին, և վերլուծաբանների մեծ մասը մինչև ապրիլի 24-ը չի փորձում պարզել, թե Օբաման ինչ կասի՝ հաշվի առնելով հարցի նրբությունը:
Թերթը եզրափակում է հոդվածը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի խոսքերը մեջբերելով, ով ասել է. «ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի այս տարի օգտագործել եզրույթը՝ մինչ ցեղասպանությունը վերապրած վերջին հայի մահը»: Նա ասել է, որ Օբաման կամ մեկ այլ ապագա նախագահ վերջիվերջո կօգտագործի բառը, և «նախկին վարչակազմերը շատ բան կունենան պատասխանելու, թե ինչու էին Ցեղասպանության ժխտողականության արշավի հանցակից»:










