Ես դեմ չեմ, որ նման մարդկանց մեկուսացնեն հանրությունից. Վ. Բաղդասարյանը՝ Սեֆիլյանի և ընկերների ձերբակալության մասին

13:39 • 10.04.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների կալանավորումը համարում է կանխարգելիչ քայլ սադրիչ գործողությունների դեմ:


«Բազմիցս ասել եմ ու նորից եմ ասում, որ ապրիլի 24-ի  միջոցառմանը եթե կլինեն սադրիչ գործողություններ, ապա կանխարգելիչ  գործողություններին ես դեմ չեմ»,- ասաց նա։


Նախկինում էլ, ըստ նրա, եղել են դեպքեր, օրինակ՝ «Մարտի 1-ը», երբ իրենց մեղադրել են այն բանում, որ գիտեին, բայց չեն կանխարգելել:


«Իսկ  հիմա մենք գիտենք, որ արվել են ագրեսիվ  հայտարարություններ, սադրիչ գործողություններ, որը նաև հիմնավորել են իրավապահ մարմինները, և դա կանխարգելում են»,- ասաց նա և նշեց, թե հրահրումներն ու բախումները միշտ չէ, որ նախապես կազմակերպված են լինում:


«Նրանք գիտեն, որ եթե մի տեղ հավաքվում են մի քանի հարյուր հազարավոր մարդիկ, բնականաբար, մի քանի սադրիչ գործողությունների արդյունքում կարող են մի այնպիսի հայտարարություն անել, որը կհանգեցնի բախման, իսկ նրանցից որևէ մեկը չի թաքցրել, որ իրենց նպատակը հենց դա է»,- ասաց նա և նշեց, թե նման ծավալի միջոցառման ժամանակ չպետք է թույլ տալ, հայի ազգանունով մարդիկ ինչ-որ քայլերի դիմեն:


«Ես դեմ չեմ, որ նման տիպի մարդկանց մեկուսացնեն հանրությունից»,- ասաց նա:


Հարցին, թե մարդիկ ձերբակալվում են փաստերի հիման վրա, կան անհրաժեշտ փաստեր, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ իրավապահները տվել են իրեն հիմնավորումները:


Իսկ, թե ապրիլի 24-ից հետո հնարավոր է ազատ արձակվեն՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ինքը չի ցանկանում նախօրոք հայտարարություն անել, քանի որ դա իրավապահների խնդիրն է: