ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման ծրագրերում
Վերահսկիչ Պալատը հրապարակել է 2014թ-ի տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրագործվող մի շարք ծրագրերի, որոնք միտված էին նպաստելու ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավմանը, սակայն ՎՊ-ի վերահսկողությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերություններ: Բացահայտվել են խնդիրներ, որոնք բացասաբար են ազդել ծրագրերի իրականացման ընթացքի վրա:
Զեկույցի համաձայն՝ «Աջակցություն փոքր ու միջին ձեռնարկատերերի սուբյեկտներին» ծրագրի իրականացման նպատակով նախարարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ 2013թ-ին կնքել է դրամաշնորհի պայմանագիր` 150 մլն դրամ գումարով, իսկ 2014 թվականին` 151 մլն 983 հազ. դրամ գումարով: Այս գումարներն ուղղվել են հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը` ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Սակայն 2013 և 2014թթ. դրամաշնորհի շրջանակներում իրականացված աշխատանքների վերահսկողության արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը չի իրականացրել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգերով, ինչպես նաև` բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերով նախատեսված երաշխավորությունների դիտարկում, չի կազմել հաշվետվություններ:
Արդյունքում` Հիմնադրամը պատշաճ կերպով չի իրազեկել երաշխավորությունները ստանալուց հետո ՓՄՁ-ների գործունեության կարգավիճակի մասին` արդյոք վերջիններս գործում են, թե դադարեցրել են իրենց գործունեությունը կամ լուծարվել են:
ՎՊ-ի զեկույցում նշվում է նաև, որ «Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամին տրամադրվել է 811 մլն 840 հազ. դրամ գումար, որով նախատեսվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մինչև 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտների, որոնց առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի և կառավարվի կանանց կողմից: Այդ ծրագրով ֆինանսական աջակցություն ստացել են 54 կին գործարարներ կամ ընդամենը 28%-ը:
Շահառուների կողմից վարկային պայմանագրերով սահմանված վճարումների ժամկետների խախտումների հետևանքով բանկերի կողմից պահված գումարներից դեռևս չի վերականգնվել 114 մլն 993 հազ. դրամ:
Դրամաշնորհի պայմանագրերով նախատեսված որոշ աշխատանքներ կատարվել են սահմանվածից ցածր ցուցանիշներով: Մասնավորապես՝ 2014 թվականին կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրով «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» միջոցառման շրջանակներում ակնկալվում էր, որ 2014 թվականին ֆինանսական աջակցություն կտրամադրվի 250-300 սկսնակ գործարարի, որի արդյունքում պետք է ստեղծվեր 300-450 նոր աշխատատեղ: Վերահսկիչ պալատի կողմից պահանջված` նոր ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն Հիմնադրամի կողմից չի ներկայացվել:










