Գարիկ Մարտիրոսյանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

10:37 • 12.04.15

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խոսելով «АНТИТОПОР» տեղեկատվական-վերլուծական ճանաչողական ընկերակցության (Информационно-аналитическое познавательное сообщество) տեսանյութում:

 

«Ես առաջին հերթին կոչ կանեի չմոռանալ այդ օրը, որովհետև հենց մենք մոռանանք այդ սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան Թուրքիայում, դա կլինի ամենամեծ սխալը և՛ հայերի, և՛ աշխարհում ապրող բոլոր նորմալ մարդկանց համար, որովհետև նման բաները չի կարելի մոռանալ՝ անկախ նրանից, թե հետագայում ինչպես կդասավորվեն հանգամանքները` կճանաչի՞ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ»,- ասել է նա:


Գարիկ Մարտիրոսյանը նաև կոչ է արել բոլոր առաջադեմ երկրներին և բոլոր նրանց, ովքեր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը համարում են մարդկության դեմ հանցագործություն, իրենց խորհրդարաններ ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ դիմումներ, ինչպես նաև՝ ճնշել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի այն գոնե չմերժի, իսկ հաջորդ քայլով՝ ճանաչի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայ, ինչպես նաև ասորի, քուրդ, հույն և այլ ազգերի ցեղասպանությունը:


Շոումենը նշել է, որ այդ Հայոց ցեղասպանության հետևանքով հայերը և այդ ժողովուրդների ներկայացուցիչները ստիպված են եղել լքել իրենց հողերը՝ տարբեր երկրներում սփյուռք ստեղծելով:

 

Նա դիմել է այդ երկրների իշխանություններին՝ կոչ անելով մանրամասն ուսումնասիրել հարցը, թե որտեղից են իրենց երկրներում ու քաղաքներում հայտնվել հայերը, և նշել, որ հայերը փախել են այդ երկրներ Օսմանյան Թուրքիայում անխուսափելի մահից, իսկ ովքեր չեն կարողացել փախչել՝ սպանվել են թուրքերի կողմից: