Հռոմի պապն ապացուցեց, որ գերադասում է առաջնորդվել հոգևոր արժեքներով, ոչ թե քաղաքական շահերով. Արմեն Աշոտյան
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի կարևորությունը, ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, դժվար է գերագնահատել, քանի որ այն ոչ միայն հոգևոր, քաղաքական ու ազգային երևույթ էր, այլ նաև արդարության վերականգման ճանապարհին կարևոր հանգրվան:
«Հայ ժողովրդի պայքարի, ցեղասպանության միջազգային ճանաչման, ժխտողականության մերժման, ցեղասպանությունների կանխարգելման ֆոնին սա համամարդկային հաղթանակ էր: Սա միայն հայ ժողովրդի հաջողությունը չէր, որովհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապացուցեց, որ այն առաջնորդներից է, ով գերադասում է առաջնորդվել արժեքներով և ոչ թե քաղաքական շահերով: Որ ունակ է դիմակայել ճնշումներին և տանել իր հետևից իր հոտը, իսկ կաթոլիկ աշխարհը մեկ միլիարդից ավելի կրոնական համայնք է իրենից ներկայացնում: Բնական է, որ այնպիսի հեղինակություն, ինչպիսին Հռոմի պապն է, լծվելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, անասելի օգուտ է տալիս մեր պայքարին, նաև մասամբ փարատում է մեր վերքերը»,- ասաց նա:
«Երեկ ես՝ որպես շարքային հեռուստադիտող, հուզմունքից չգիտեի ինչպես վարվել: Կային դրվագներ, որոնք հետ էինք տալիս ու նորից էին դիտում: Ես կարծում եմ, որ շատ կարևոր քաղաքական իրադարձություն է, որի էֆեկտը մենք դեռ կզգանք: Բացի հուզական զգացողություններից, մենք ունենք նաև ակնկալիքներ ապագայի հետ կապված»,- ասաց նա:
Հարցին, թե այս իրադարձությունը կարող է վարակիչ լինել այլ եկեղեցիների համար, օրինակ՝ Ուղղափառ եկեղեցու համար, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Հաշվի առնենք, որ Սուրբ Աթոռը եկեղեցի չէ, հսկայական համայնք է ու կրոնապետություն է: Դժվար է խոսել մնացած համաշխարհային եկեղեցիների պարագայում ինչպիսի արձագանքներ կարող է լինել, բայց տեղյակ եք, որ ապրիլի 23-ին տարբեր երկրներում տարբեր եկեղեցիներում հնչելու են ղողանջներ և մատուցվելու են պատարագներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»:










