Պետք է առնվազն ԼՂՀ-ն մտցնեն ԵԽԽՎ կազմի մեջ և նոր միայն որևէ բան պահանջեն. Է. Մարուքյանը՝ ԵԽԽՎ նախագահի կոչի մասին
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղին չի համարում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի կոչը, որ հայկական կողմն ակտիվորեն պետք է նպաստի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին, որը կրում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագիրը։
«Հայկական կողմից դիրքորոշումն ինչ եղել է, դա էլ պետք պահպանել և պետք չէ փոխել, ավելին՝ Հայաստանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ, որովհետև Հայաստանն է ԵԽԽՎ անդամ և Հայաստանը պարտավորություն ունի ԵԽԽՎ-ի առաջ և ոչ թե ԼՂՀ-ն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ եթե ԵԽԽՎ-ում նման ցանկություն ունեն, ապա պետք է առնվազն ԼՂՀ-ն մտցնեն ԵԽԽՎ կազմի մեջ, և այն դառնա իրենց անդամը։ Դրանից հետո նոր միայն կարող են ինչ-որ պահանջ ներկայացնել։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ եթե զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պետք է այցելի Ադրբեջան, Հայաստան և ԼՂՀ, չփոխի իր զեկույցի վերնագիրը, ապա լավ կանի, որ Լեռնային Ղարաբաղ չգա:
Մարուքյանը հիշեցրեց, որ հայկական կողմը դեմ չէ զեկույցին, սակայն ոչ այդ վերնագրով։ «Այսինքն՝ ասում են խնդիր չկա, եկեք դիտարկեք, բայց այդ վերնագրի լույսի ներքո չի կարող գրվել օբյեկտիվ զեկույց, որովհետև ինքը կանխակալ մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Ի սկզբանե վերնագրով արդեն կանխատեսում է, թե ինչպիսին պետք է լինի զեկույցը, այսինքն, երբ որ վերնագրում գրված է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», դա նշանակում է, առաջին՝ մենք փաստ ունենք, որ ԼՂՀ-ում կան բռնություններ, քննարկում ենք սրացման հարցը։ Այսինքն, որ բռնություններ կան, դա ոչինչ, բայց որ սրացել է, մենք դա ենք քննարկում։ Երկրորդ փաստը, որ ունենք գրավյալ տարածքներ, թե ինչ իրավիճակ է այդ գրավյալ տարածներում»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր առումներով նման կերպ հայտարարությունը վերնագրելն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նշված զեկույցը չի կարող լինել օբյեկտիվ։
«Օբյեկտիվ զեկույցի համար պետք է լիներ վերնագիրը լիներ առնվազն՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,-նշեց նա։










