Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում պատմություն կերտվեց. պատարագին ներկաները ուղղակի ցնցված են

14:53 • 13.04.15

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տրված պատարագին ներկա անձինք` ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, եկեղեցականներ, առանց բացառությունների ցնցված են և բոլորի գնահատմամբ` Վատիկանում երեկ պատմություն կերտվեց:

 

Վատիկան մեկնած ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը երբեք չէր հնչել այսքան բարձր ու այսքան համոզիչ, այսքան համահունչ մեր քրիստոնեական ինքնությանը: Սա բանաձևվում է որպես, որ ոգին հաղթեց ժամանակին, հավերժը՝ անցողիկին:

 

«Ապագա սերունդները պատմության դասագրքերում կկարդան ու ըստ արժանվույն կգնահատեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած Սուրբ պատարագը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

 

Ըստ նրա` արդարև, պատմական իրողություն է, որ Հայ առաքելական եկեղեցու 1700  պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու աթոռանիստ Սբ Պետրոս տաճարում հնչեց Հայոց զույգ հայրապետների աղոթքը, ինչը, ըստ նրա, նոր էջ է բացում Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերություններում:

 

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործեց «ցեղասպանություն» բառը` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք չարիքներից առաջինն է:  «Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ»,- ասաց Հռոմի պապը ավելացնելով.«Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն»:

 

Հիշեցնենք նաև, որ Սրբազան արարողության ընթացքում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հայրերից սուրբ Սբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակվեց  տիեզերական եկեղեցու վարդապետ:

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ այն, ինչ կատարվեց Սուրբ Պետրոսի տաճարում, բառերով հնարավոր չէ ներկայացնել։

 

«Տպավորությունս ցնցող էր, և կարծում եմ` բոլորը նույն զգացողությունն ունեին, որովհետև, այն, ինչ կատարվեց Սուրբ Պետրոսի տաճարում աննախադեպ երևույթ էր: Եվ, փաստորեն, նման բան դեռ երբևէ տեղի չէր ունեցել, երբ ողջ կաթոլիկ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը, և Պապի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցնցեցին ողջ աշխարհը: Եվ պետք է տեսնեիք եկեղեցու դիմացի հրապարակում հավաքված մարդկանց դեմքի արտահայտությունը, անկախ ռասայից, որովհետև այնտեղ կային սևամորթներ, դեղնամորթներ: Եվ պետք է տեսնեիք` առհասարակ, յուրաքանչյուր հայի դեմքի արտահայտությունը»,– ասաց նա:

 

«Հանրապետական» խմբակցության ղեկավարը հավելեց, որ շատ հետաքրքիր է, երբ «երբեմնի Հռոմեական  կայսրության օրրանում» հավաքված էին աշխարհասփյուռ հայության և ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
 

Պատգամավորը հուզված և ցնցված է նաև Հայոց երկու կաթողիկոսների` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթներից:
 

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն էլ իր «ֆեյսբուքյան գրառման մեջ իր տպավորությունները կիսելով` նկատում է.«Բայց առանձնահատուկ տպավորված եմ Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի շարականների անզուգական կատարմամբ»:

«ԲարգավաՃ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ  ապրիլի 12 Սուրբ Պետրոսի տաճարում պատմական և համաշխարհային նշանակության իրադարձություն էր:
 

«Եվ դրա վկայությունն  է, որ Ֆրանցիկոսի ելույթից ուղիղ 5 րոպե հետո աշխարհի խոշորագույն տաբլոիդերը, ինչպես նաև BBC, CNN և բոլոր խոշորագույն գործակալություններն իրենց բոլոր  թողարկումները վերնագրեցին մեկ նախադասությամբ` Ֆրանցիսկոս պապի ամենակարևոր ձևակերպմամբ. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն է. Ֆրանցիսկոս պապ»,– ասաց նա:

 

Նաիրա Զոհրաբյանը, հիշատակելով Պապի ելույթը, հիշեցրեց, թե ինչ ջանքեր է գործադրել Թուրքիան, որպեսզի այդ պատարագը տեղի չունենա:

 

«Այն, ինչ հայտարարեց Ֆրանցիսկոս պապը, որին ականջալուր եղան բազմահազար մարդիկ, կարծում եմ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար  նոր և կարևոր  ճանապարհ է: Եվ, իհարկե, շատ կարևոր էր, որ պատարագին ներկա էին աշխարհասփյուռ հայության բոլոր գաղթօջախների  ներկայացուցիչները` ցեղասպանություն վերապրած սերունդների վկաները: Եվ Հայաստանից ու տարբեր երկրներից մենք տեսանք ուխտավորների, ովքեր մի քանի օր առաջ դուրս էին եկել ավտոբուսներով`Վատիկան հասնելու և այդ  պատարագին ներկա գտնվելու համար»,– ասաց  պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է թուրքական արձագանքին, ապա այն Նաիրա Զոհրաբյանը պարզապես ողորմելի է համարում, երբ Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը բնութագրվեց թե «դա Ֆրանցիսկոս պապի անձնական կարծիքն է»:
 

ՀՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով նույնպես Վատիկանում էր, Tert.am-ի հետ զրույցում ասելով, որ ուղղակի հիացած եմ նրանով, ինչ տեղի ունեցավ Սուրբ Պետրոսի տաճարում, ասաց, որ դա իր կյանքի մեծագույն տպավորությունն է:
 

«Այն, որ ոչ միայն դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, այլև դա համարեց 20-րդ դարի ամենամեծ չարիքը հիտլերիզմից ու ստանլինիզմից հետո, բացառիկ կարևոր էր: Ես հիացած եմ նաև մեր վեհափառների ելույթներով, իմ կարծիքով`պատմական էին»,-ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
 

Ռուբեն Սաֆրաստյանի համար նույնքան հուզիչ էր նաև «մեզ համար սուրբ Գրիգոր նարեկացու»  Տիեզերական վարդապետ հռչակվելը`1000 տարի նրա մահվանից հետո:
 

Հռոմի պապի ելույթը թուրքագետը համարում է շատ ուժեղ հարված Թուրքիային, ինչի վկան այս երկրի ջղաձգված շարժումներն են: Թուրքագետը նույնպես համարում է, որ «ապրիլի 12-ը»  կարևոր հանգրվան էր ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում: