Մենք չենք կարող լռել այն ամենի մասին, ինչ տեսել և լսել ենք. Պապը վերահաստատել է Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունը

21:20 • 13.04.15

Եկեղեցին անկեղծության վայր է, որտեղ մարդիկ պետք է ազնվորեն խոսեն. այս խոսքով  հավատացյալներին է դիմել Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Մարթայի եկեղեցում այսօր առավոտյան մատուցած պատարագի ժամանակ՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության մասին իր՝ ավելի վաղ հնչեցրած խոսքը։

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, քահանայապետը հավելել է, որ քրիստոնյաների համար չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, եթե անգամ այն դառն է:   

«Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է։ Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, անգամ՝ դառը։ Միայն Սուրբ հոգին է ի վիճակի փոխել մեր ողջ կյանքը, մեր վերաբերմունքը և համարձակություն տալ մեզ, ինչպես և առաքյալները ոգեշնչվեցին Քրիստոսի Հարությամբ»,- ասել է Հռոմի պապը:

«Մենք չենք կարող լռել այն ամենի մասին, ինչ տեսել և լսել ենք», - ասել է Ֆրանցիսկոսն իր քարոզում, որին հետևել է ընթերցանությունը Պետրոս և Հովհաննես առաքյալներից, ովքեր խնդրում են Տիրոջը իրենց ազատ և բաց խոսելու կարողություն շնորհել: