Դավութօղլուն և Չավուշօղլուն դատապարտել են Հռոմի պապի` Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոշտ արձագանք է տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը:
Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:
Դավութօղլուն դարձյալ պնդել է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, 1915 թվականի «ցավերը» տեղի չէին ունենա:
Նա հայտարարել է, թե մարդկության մի մասի ցավերը հաշվի առնելն ու մյուսներին անտեսելը Պապին վայել չէ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ դրանք «հեռու են պատմական ու իրավական իրականությունից»:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։










