Չարիքը թաքցնելը նույնն է, ինչպես թույլ տալը, որ վերքն արնահոսի՝ առանց այն վիրակապելու. Ֆրանցիսկոս Պապ
Սիրելի հայ քրիստոնյաների՝ այսօր ցավով, բայց միևնույն ժամանակ Հարություն առած տիրոջ մեծ հույսով լցված սրտերով՝ մենք հիշում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ վիթխարի կոտորածի հարյուրամյա տարելիցը։
Այս մասին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին իր խոսքում ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։
Նա, մասնավորապես, ասել է. «Սիրելի հայ եղբայրներ և քույրեր,
Սիրելի եղբայրներ և քույրեր,
Տարբեր առիթներով ես խոսել եմ, որ մենք ապրում ենք պատերազմի ժամանակաշրջանում, երրորդ աշխարհի պատերազմ, որը մաս-մաս է տարվում, պատերազմ, որում մենք ամեն օր ականատես ենք լինում վայրագ հանցագործությունների, դաժան կոտորածների և անիմաստ ավերածությունների:
Դժբախտաբար, մենք այսօր նույնպես լսում ենք մեր շատ անպաշտպան եղբայրների և քույրերի խլացված և մոռացված ճիչը Քրիստոսի հավատքի կամ իրենց էթնիկ ծագման պատճառով. նրանք հրապարակավ և դաժանորեն մահվան են դատապարտվում՝ գլխատվում, խաչվում, ողջակիզվում կամ տեղահանվում են:
Այսօր ևս մենք ապրում ենք որոշ տեսակի ցեղասպանություն, որը ստեղծվել է ընդհանուր և հավաքական անտարբերությունից, Կայենի հանցակից լռությամբ, ով գոռում է. «Ի՞նչ է դա նշանակում ինձ համար: Ես իմ եղբոր պահապա՞նն եմ»:
Նախորդ դարի ընթացքում մարդկությունն ապրել է երեք զանգվածային և նմանը չունեցող ողբերգություն: Առաջինը, որը համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» (Հովհաննես Պողոս II և Գարեգին II, Համատեղ հռչակագիր, Էջմիածին, 2001 թվականի սեպտեմբերի 27), տեղի ունեցավ ձեր՝ հայ ժողովրդի՝ առաջին քրիստոնյա ժողովրդի, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիների, ասորիների, քաղդեացիների և հույների հետ: Եպիսկոպոսները և քահանաները, կրոնական անձինք, կանայք և տղամարդիկ, տարեց և նույնիսկ անպաշտպան երեխաները և հիվանդները սպանվել են: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ ավելի վերջերս այլ զանգվածային սպանություններ են եղել, ինչպես Քամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները: Թվում է, որ մարդկությունն ունակ չէ դադարեցնել անմեղ արյուն թափելը: Թվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում առաջացած խանդավառությունը ցրվել է և այժմ անհետանում է: Թվում է, որ մարդկությունը հրաժարվել է սովորել իր սխալներից և այսօր ևս կան ոմանք, ովքեր փորձում են վերացնել ուրիշներին մի քանիսի օգնությամբ և մյուսների հանցակից լռությամբ, ովքեր պարզապես հետևում են որպես հանդիսատես: Մենք դեռ չենք սովորել, որ «պատերազմը խենթություն է», «անիմաստ կոտորած»:
Սիրելի հայ քրիստոնյաների՝ այսօր ցավով, բայց միևնույն ժամանակ Հարություն առած տիրոջ մեծ հույսով լցված սրտերով՝ մենք հիշում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ վիթխարի և անիմաստ կոտորածի հարյուրամյա տարելիցը, որը ձեր նախնիները ստիպված էին տանել: Անհրաժեշտ է և իսկապես պարտականություն՝ հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարությունը թույլ է տալիս, որ ցավերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ մերժելը նույնն է, որ թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց այն վիրակապելու:
Ողջունում եմ ձեզ ջերմությամբ և շնորհակալ եմ ներկա գտնվելու համար:
Իր ներկայության համար երախտագիտությամբ՝ ես ողջունում եմ պարոն Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Իմ ջերմ ողջույնն եմ հղում նաև իմ եղբայր պատրիարքներին և եպիսկոպոսներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին, Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս XIX-ին, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսություն և Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանին:
Վստահ համոզմամբ, որ չարն Աստծուց չի գալիս, ով անսահման բարի է և հաստատուն է իր հավատքում, եկեք հավատանք, որ դաժանությունը երբեք Աստծո գործ չի կարող համարվել և ավելին՝ չի կարող որևէ արդարացում գտնել Աստծո սուրբ անունից: Եկեք շարունակենք մեր ոգեկոչումը՝ մեր հայացքն ուղղելով Հիսուս Քրիստոսին, ով հարություն է առել մեռելներից՝ հաղթելով մահն ու չարին:
Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզը
Սուրբ Հովհաննեսը, ով Վերնահարկում էր մյուս բոլոր աշակերտների հետ Շաբաթ օրվան հաջորդած առաջին երեկոյին, հայտնում է մեզ, որ Հիսուս եկավ, կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղությունը ձեզ հետ» (Հովհ. 20: 19-20): Եվ նա ցույց տվեց իր նրանց իր ձեռքերը, ցույց տվեց իր վերքերը: Եվ այսպես նրանք հասկացան, որ դա ուրվական չէր, դա իսկապես նա էր, Տերը, և նրանք լցվեցին ուրախությամբ:
Ութերորդ օրը Հիսուս ևս մեկ անգամ երևաց Վերնահարկում և ցույց տվեց իր վերքերը Թովմասին, որպեսզի նա կարողան ձեռք տալ դրանց, ինչպես ցանկացել էր, որ հավատա և այդպիսով դարձավ Հարության վկան: Մեզ համար էլ այս կիրակի, որը Սուրբ Հովհաննես Պողոս II-ը ցանկացել է նվիրել Աստվածային Ողորմությանը, Տերը մեզ հետ է` Ավետարանի և իր վերքերի միջոցով: Դրանք ողորմածության վերքերն են: «Իր վերքերով մենք բուժվեցինք» (Եսայի 53:5).
Հիսուսը հրավիրում է մեզ տեսնելու այդ վերքերը, դիպչելու, ինչպես Թովմասն արեց` լրացնելու մեր հավատի պակասը: Ամեն ինչից վեր, նա հրավիրում է մեզ ընդունել այդ վերքերի խորհրդավորությունը, որը նրա ողորմած սիրո խորհրդավորությունն է:
Այս վերքերով մենք կարող ենք տեսնել Քրիստոսի և Աստծո ողջ խորհրդավորությունը՝ նրա Կիրքը, նրա երկրային կյանքը՝ լի կարեկցանքով թույլերի և հիվանդների հանդեպ՝ նրա մարմնավորումը Մարիամի արգանդում: Եվ մենք կարող ենք հետևել փրկության ողջ պատմությանը` մարգարեություններից, հատկապես՝ Տիրոջ ծառայի, Օրենքի և Ուխտի, մինչև ազատագրումը Եգիպտոսից, առաջին Զատիկը և սպանված ոչխարների արյունը, և կրկին նահապետներից մինչև Աբրահամ, ապա ողջ ուղին մինչև Աբելը: Այս ամենը մենք կարող ենք տեսնել Հիսուսի վերքերում, ով խաչվել և հարություն է առել Մարիամի հետ միասին` իր Օրհնությամբ, մենք կարող ենք ըմբռնել, որ «Նրա ողորմածությունը տարածվում է սերնդից սերունդ» (տես Ղուկ 1:50):
Բախվելով մարդկության պատմության ողբերգական իրադարձություններին` ժամանակ առ ժամանակ կարող ենք մեզ փշրված զգալ՝ հարցնելով ինքներս մեզ. «Ինչո՞ւ»: Մարդկության չարությունը կարող է հայտնվել աշխարհում ինչպես մի անդունդ, մի մեծ դատարկություն` զուրկ սիրուց, զուրկ բարությունից, զուրկ կյանքից: Եվ մենք հարցնում ենք՝ ինչպե՞ս կարող ենք լցնել այս անդունդը: Մեզ համար դա անհնար է, միայն Աստված կարող է լցնել այս դատարկությունը, որ չարը բերում է մեր սրտերին և մարդկային պատմությանը: Ահա Հիսուսը՝ Մարդն Աստծո, ով մահացած Խաչի վրա լցնում է մեղքի անդունդն իր ողորմածությամբ:
Սուրբ Բերնարդն իր մեկնաբանություններից մեկում (Քարոզ 61, 3-5) անդրադառնում է Տիրոջ վերքերի խորհրդավորությանը՝ կիրառելով ուժեղ և համարձակ արտահայտություններ, որոնք մենք կրկնում ենք այսօր: Նա ասում է, որ «այս սուրբ վերքերի միջով մենք կարող ենք տեսնել Քրիստոսի սրտի գաղտնիքը, սիրո մեծն խորհրդավորությունը, նրա ողորմածության անկեղծությունը, որով նա այցելեց մեզ բարձրից»:
Եղբայրներ և քույրեր, ահա այն ճանապարհը, որ Աստված բացեց մեզ համար, որ վերջապես դուրս գանք մեղքի և մահվան ստրկությունից ու մտնենք կյանքի և խաղաղության երկիր: Հիսուսը խաչվեց և հարություն առավ. դա է այդ ճանապարհը, և նրա վերքերը հատկապես լի են ողորմածությամբ:
Սրբերը մեզ սովորեցնում են, որ աշխարհը փոխվում է փոփոխությամբ յուրաքանչյուրիս սրտում, և որ դա տեղի է ունենում Աստծո ողորմածությամբ: Եվ այսպես, բախվելով իմ սեփական մեղքերին կամ աշխարհի խոշոր ողբերգություններին՝ «իմ խիղճը կհիասթափվի, բայց դա շփոթության մեջ չի լինի, քանի որ ես կհիշեմ Տիրոջ վերքերը. նա վիրավորվեց մեր անօրինությունների համար» (Եսայի 53:5): «Այդ ի՞նչ մահացու մեղք պետք է լինի, որ չներվի Քրիստոսի մահով» (Եսայի 53:5):
Պահելով մեր հայացքը Հիսուսի վերքերին` կարող ենք երգել Եկեղեցու հետ միասին. «Նրա սերը հավերժ է» (Սաղ. 117: 2); հավերժական է նրա ողորմածությունը: Եվ այս խոսքերով մեր սրտերում եկեք առաջ շարժվենք պատմության արահետով` առաջնորդվելով մեր Տիրոջ և Փրկչի՝ մեր կյանքի և մեր հույսի ձեռքով»:










