Սիրիայի ընդդիմությունը դիմել է Ղազախստանի նախագահին՝ միջնորդության խնդրանքով

14:24 • 13.04.15

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնական դիմում են հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով միջամտել հետագա բանակցություններին։ Նամակը ստորագրել է ընդդիմության 7 ներկայացուցիչ, գրում է РИА Новости-ն։

 

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ հեղինակները «երախտապարտ են ռուսական իշխանություններին Սիրիայում ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու նրանց ջանքերի և համառ փորձերի համար»։

 

«Այնուամենայնիվ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում շարունակել մեր քննարկումները՝ հետևողական և կառուցվածքային հարթակի հաստատման նպատակով, որը բաղկացած կլինի իրական և կառուցողական ընդդիմադիրների խմբից։ Այդ պատճառով էլ մենք կցանկանայինք դիմել Ձեր օգնությանը՝ խնդրելով հրավիրել մեզ Ղազախստան՝ Մոսկվայում սկսված աշխատանքները շարունակելու համար»,- ասվում է նամակում։

 

Ուղերձի հեղինակների կարծիքով՝ Ղազախստանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի նպաստի ոչ միայն ընդդիմությունների միջև երկխոսությանը, այլև Սիրիայում խաղաղության վերադարձմանը։