ԵԽԽՎ նախագահին ասացինք, որ այդ վերնագրով զեկույցը չի կարող լինել անկողմնակալ. Թևան Պողոսյան

21:47 • 13.04.15

Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Հայաստան է եկել արդարացնելու և կյանքի կոչելու ադրբեջանական խավիարական դիվանագիտության ջանքերով տեխնիկապես հաստատված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերջնագրով զեկույցը, որը պետք է պատրաստի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքն այսօր առավոտյան մասնակցել է ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը և բերել բազմաթիվ փաստարկներ:

«Մենք նրան ասացինք, որ այդ վերնագրով զեկույցը չի կարող լինել անկողմնակալ, ինքն էլ փորձեց հայտնի կարծիքը, թե երկխոսությունն է հակամարտության լավագույն լուծումը, որին մենք հստակ պատասխանեցինք՝ «եթե ձեր ցանկությունն է ապահովել դաշտ, որտեղ մարդիկ կարողանան իրար հետ խոսել, ապա ինչո՞ւ եք գալիս արդեն միակողմանի անվանումներով ու դրանով ձևավորում մի դաշտ, որտեղ ես չեմ կարողանում քեզ լսել»: Կոչ արեցինք հրաժարվել զեկույցի անվանումից, ու եթե մարդը շատ է ուզում ուսումնասիրել իրավիճակը տարածաշրջանում, մեծ ուրախությամբ թող գա, բոլորի հետ հանդիպի, խոսի, դրանից հետո որոշի զեկույցի խնդիրը ինչը պետք է լինի ու դրանից բխող անվանում որոշի»,-ասաց նա։  

Թևան Պողոսյանը նաև նշեց, որ ինքն առաջարկել է ԵԽԽՎ նախագահին մի կողմ թողնել բոլոր հանդիպումները և մեկնել Արցախ, սեփական աչքով ամեն ինչ տեսնելու և իրավիճակը ավելի ճիշտ գնահատելու համար:

«Հանդիպմանը օրինակներ բերվեցին, որ նախկինում ստեղծված զեկույցներից որևէ մեկը երբևէ չի նպաստել խաղաղության հաստատման և երկխոսության դաշտի ձևավորմանը, այս մոտեցումից պետք է հրաժարվել»,-ասաց նա:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ որևէ մեկը չի պատրաստվում աշխատել այդ անվանմամբ զեկույցի հեղինակի հետ, ով էլ նա լինի: