ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է ընթերցանության ժամեր Կլարա Բարտոնի մասին

09:45 • 14.04.15

Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ապրիլի 13-17-ը Երևան քաղաքի մի շարք դպրոցներում և Հայաստանի բոլոր հինգ Ամերիկյան անկյուններում կազմակերպում է ընթերցանության ժամեր Կլարա Բարտոնի մասին: Անդրանիկ միջոցառումն անցկացվել է Երևանի Ամերիկյան անկյունում, որտեղ դեսպան Միլսն ընթերցել է Կլարա Բարտոնի մասին գիրքը, տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը:

 

Դպրոցներ այցելում են դեսպանության երկու աշխատակից՝ մեկը ամերիկացի դիվանագետ, իսկ մյուսը դեսպանության  տեղացի աշխատակից և դպրոցականների համար հայերենով ու անգլերենով ընթերցում են «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը, որին հաջորդում է կարճ քննարկում Կլարա Բարտոնի կյանքի և գործունեության մասին: Վանաձորի, Գյումրու, Չարենցավանի և Կապանի  Ամերիկյան անկյուններում այս քննարկումները կվարեն Խաղաղության կորպուսի կամավորները:
 

Կլարա Բարտոնին (1821-1912)  հիշում են որպես Հայաստանի բարեկամ, որպես մարդ, ով կարեկից էր, մարդասեր ու պատրաստ էր օգնել բոլորին՝ անկախ նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից: Կլարա Բարտոնն Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ բուժքույր էր, ապա նա հիմնեց Ամերիկյան Կարմիր Խաչը: Համիդյան կոտորածների շրջանում, մարդասիրական ճգնաժամին արձագանքելով, նա 74 տարեկանում ուղևորվեց Կոստանդնուպոլիս և այնտեղ բացեց Ամերիկյան Կարմիր Խաչի առաջին միջազգային գրասենյակը:
 

Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի աներեր բարեկամը ու դժվարին պահերին նեցուկ է եղել հայ ժողովրդին: Կլարա Բարտոնն այդ համերաշխության վառ օրինակ է: Նրա կյանքը ցույց է տալիս, որ մեկ մարդն անգամ կարող է շատ բան փոխել հազարավոր մարդկանց համար: