Գեղարքունիքում «Հայփոստ»–ի ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով

17:56 • 14.04.15

2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ. Հ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

 

2015 թվականի ապրիլի 13-ին՝  ժամը 11-00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ  Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվել է դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ։

 

Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում  հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61  հաշվառման համարանիշի ավտոմեքենան,  որի մոտ հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված  Վ. Հ.–ի դին՝ գլխի և կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է  մակարով տեսակի ատրճանակ:
 

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի  և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։