Հայկական կողմը պատրաստ է օգնել ԵԽԽՎ զեկույցի մշակմանը, եթե փոփոխվի վերնագիրը. Արտակ Բեգլարյան

16:09 • 14.04.15

Նման վերնագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելել և օբյեկտիվ զեկույց կազմել՝ միանշանակ հնարավոր չէ. նման համոզմունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի կոչին, որ հայկական կողմն ակտիվորեն պետք է նպաստի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին՝ մամուլի խոսնակը նշեց, որ հայկական կողմը կնպաստի, եթե փոփոխվի վերնագիրը և կանխակալ վերաբերմունքը հանվի։


Հիշեցնենք, որ զեկույցը կրում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագիրը։  


«Իմ կարծիքով՝ ուղղակի ԵԽԽՎ նախագահն էլ և ընդհանրապես ԵԽԽՎ-ն նախքան հորդորը պետք է բոլոր պայմաններն ապահովեին, որ զեկույցն անաչառ պայմաններում մշակվելու հնարավորություն ունենար, որի նախապայմաններից մեկն էլ հենց վերնագիրն է։ Եթե իրենք պատրաստ են որոշակի փոփոխություններ կատարել, կարծում եմ հայկական կողմը ոչ մի խնդիր չունի և պատրաստ է ընդունել ու օգնել զեկույցի մշակմանը։ Գլխավոր ցուցիչը, որ իրենք անաչառ չեն՝ դա վերնագիրն է և բնականաբար, կասկածի տեղիք են տալիս, թե որքանով է անաչառ լինելու այդ զեկույցը»,- ասաց նա։  


Հակառակ պարագայում Արտակ Բեգլարյանը վստահեցրեց, որ անհնար է օբյեկտիվ զեկույց ունենալ՝ առանց Արցախ այցելելու։


«Անհնար է այս պարագայում օբյեկտիվ զեկույց պատրաստել, քանի որ իրենք ինչ-ինչ պատճառներով արդեն կանխակալ վերաբերմունք ունեն։ Հիմա ես չգիտեմ սրանից հետո ինչ փոփոխությունների կգնա ԵԽԽՎ-ն իր որոշումներում, կամ դրանից  հետո ինչ փոփոխություններ կլինեն Արցախի դիրքորոշումներում, բայց մեր դիրքորոշումը միանշանակ է. մենք բաց ենք ցանկացած միջազգային զեկույցների համար ու զեկուցողներին ընդունելու համար, միայն այն դեպքում, եթե իրենք կանխակալ վերաբերմունք ցույց չեն տալիս»,- ասաց նա։


Նա, ի դեպ, նշեց, որ ԵԽԽՎ-ն, բնականաբար, ի տարբերություն Հայաստանի, չի կարող Արցախին պարտավորություններ ներկայացնել։ «Արցախը ոչ մի կախվածություն չունի ԵԽԽՎ-ից և պարտավորություն էլ չունի ԵԽԽՎ-ի առաջ, այսինքն՝ միայն մեր բարի կամքի դրսևորումն է և մեր ցանկությունն է հակամարտության լուծման ճանապարհին ինչ-որ առաջ քայլ  կատարել»,- ասաց նա և եզրափակելով՝ նշեց, որ պետք է ԵԽԽՎ -ն ցույց տա, որ ինքն անաչառ, օբյեկտիվ զեկուցի կողմն է։


Նշենք, որ զեկույցը պետք է պատրաստի ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պետք է այցելի Ադրբեջան, Հայաստան և ԼՂՀ։