Աշոտ Եղիազարյանի հայցի հետ կապված՝ սառեցվել են ՌԴ գործարար Սուլեյման Քերիմովի ակտիվները. Ведомости
Նիկոսիայի շրջանային դատարանը (Կիպրոս) սառեցրել է ռուսաստանցի հայտնի գործարար Սուլեյման Քերիմովի ակտիվները, ինչի մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն` վկայակոչելով դատավճիռը տեսած աղբյուրին:
Ըստ ամենայնի՝ սա կապված է Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի` անցած տարի Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան ներկայացրած հայցի հետ: Եղիազարյանի հայցի քննման արդյունքում Լոնդոնի դատարանը վճռել է, որ Քերիմովը հայազգի պատգամավորին պետք է 250 մլն դոլար փոխհատուցի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եղիազարյանը 250 մլն դոլար է ներդրել «Մոսկվա» (ներկայում` Four Seasons Hotel Moscow) հյուրանոցի շինարարության մեջ, սակայն Քերիմովը վճարելու փոխարեն բողոքարկել է դատավճիռը:
Քերիմովի հիմնական ակտիվների կառավարմամբ զբաղվող «Նաֆտա-Մոսկվա» ընկերության ներկայացուցիչը հաստատել է փաստը, որ Կիպրոսի դատարանի կողմից ռուսաստանցի գործարարի ակտիվների սառեցումը պայմանավորված է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի վճռով:
Աղբյուրը հավելում է, որ «Մոսվա» հյուրանոցի շինարարության պատճառով Քերիմովի ու Եղիազարյանի միջև կոնֆլիկտը շարունակվում է արդեն 5 տարի:










