Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները խախտեցին Թուրքիայի պլանները. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիային չի կարող չմտահոգել այն, ինչ կատարվեց վերջին մեկ շաբաթում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, քանի որ հարցը գտնվում է եթե ոչ համաշխարհային մամուլի կենտրոնում, ապա առնվազն կենտրոններից մեկում:
«Դա խախտեց Թուրքիայի պլանները՝ դիմավորել ապրիլի 24-ը հնարավորինս լուռ պայմաններում ու միջավայրում, ավելին՝ նույնիսկ Հայոց ցեղասպանության միջոցառումները Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակով շեղելու փորձերը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ, ամուսնու ու զարմուհիների հետ, որոնց այցին անդրադարձավ համաշխարհային մամուլը: Մամուլի ուշադրության կենտրոնում էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապի մատուցած պատարագը:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս շաբաթից հետո Թուրքիայում ակտիվացավ այն քննարկումը, թե Թուրքիան ինչպես պետք է վերաբերի Ցեղասպանությանը և ավելի բարձր հնչեցին սեփական պատմության հետ առերեսվելու կոչերը:
Նա նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը այն իրադարձությունն է, որը պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և անկախ նրանից, թե ով է այցելում Հայաստան ու ինչ նպատակով, եթե ազդում է հարցը ուշադրության կենտրոնում պահելու համար, արդեն իսկ դրական է:
«Մեզ միշտ էլ պետք է ուրախացնի, որ մեր հայրենակիցները, անկախ իրենց զբաղմունքից, գալիս են Հայաստան, բայց եթե դա իր հետ բերում է ուշադրություն Հայաստանի նկատմամբ, դա լրացուցիչ դրական գնահատման առիթ է տալիս»,-ասաց նա:
Սակայն, ըստ Բորիս Նավասարդյանի, մշակութային դաշտն ավելի ակտիվ է, քան քաղաքականը:
«Քաղաքական իրավիճակը չի նպաստում, որպեսզի Հայաստանի նկատմամբ քաղաքական առաջատար գործիչների ուշադրությունը մեծանա: Դա հետևանք է նրա, որ Հայաստանը միջազգային ասպարեզում աննախադեպ պասիվ դեր է կատարում: Այստեղի մարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը որքան հնարավոր է պահպանի ու խորացնի իր ինքնիշխանությունը, որ Հայաստանը միջազգային ասպարեզում միշտ կարողանա ելնել իր շահերից»,-ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նաև համոզմունք հայտնեց, որ 100-ամյակի ավարտից հետո Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ուշադրությունը մարելու է, և Հայաստանը քիչ հնարավորություն կունենա հարցը միջազգային կառույցներում ակտիվացնելու:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե Հայաստանի շատ լավ գործընկեր համարվող ՌԴ-ն քաղաքական ասպարեզում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում հարցի նկատմամբ, դա բնականաբար նաև այլ երկրների ղեկավարների ու քաղաքական վերնախավի նախաձեռնողականությունը կկաշկանդի: Բայց մարդիկ, որոնք քաղաքականության հետ անմիջապես կապ չունեն, կշարունակեն իրենց հետաքրքրության դրսևորումը ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց նա:










