Բան Կի Մունը 1915-ին տեղի ունեցածը «վայրագություն» է անվանել՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից

11:36 • 14.04.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, որ Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանությունը «վայրագություն» էր, սակայն չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, տեղեկացնում է ТАСС-ը։

 

Նա երկրներին կոչ է անում համագործակցել՝ 100 տարվա վաղեմությամբ դեպքերի վերաբերյալ փաստերը հաստատելու հարցով։

 

Նման դիրքորոշումը լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

 

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունն «ի գիտություն է ընդունել» Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որը կիրակնօրյա պատարագի ընթացքում հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները կոչել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։

 

Ինչպես նշել է Դյուժարիկը, Բան Կի Մունը «հրաշալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և այլ երկրներում հիշատակելու են 1915-ի ողբերգական դեպքերի 100-ամյակը», ինչպես նաև «գիտակցում է հարցի զգայուն լինելը՝ կապված տեղի ունեցածի որակումների հետ»։

 

«Գլխավոր քարտուղարը համոզված է, որ 1915 թվականի ողբերգական դեպքերը հիշելը, ինչպես նաև հարցի շուրջ փաստերի բացահայտման նպատակով համագործակցությունը կամրապնդեն մեր ընդհանուր ձգտումն ապագայում կանխելու նման վայրագությունների կրկնությունը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։