ՌԴ-ում կենդանաբանական այգում այցելուների պատճառով շնաձուկը սատկել է նյարդային ցնցումից
Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի կենդանաբանական այգում սատկել է սևալողակ շնաձուկը, որին այցելուները նյարդային ցնցման էին հասցրել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով կենդանաբանական այգու մամլո քարտուղար Եկատերինա Միխայլովային, դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանու սիրտը շատ թույլ է եղել և չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Մյուս բոլոր օրգանների աշխատանքը կայուն է եղել:
«Շնաձկան այս տեսակը շատ կարճ է բնակվում անազատության մեջ: Մեր շնաձուկը լավ խնամքի շնորհիվ երկու տարի գոյատևել է կենդանաբանական այգում: Մասնագետների կարծիքով` դա բավականին երկար ժամկետ է», - նշել է Միխայլովան:
Նրա խոսքով` կենդանաբանական այգին այլևս մտադիր չէ այդ ցեղատեսակի շնաձկներ պահել:










