Քանդակագործները ցանկանում են Նյու Յորքում Սնոուդենի կիսանդրին կանգնեցնել (լուսանկարներ)

11:28 • 15.04.15

Մի խումբ քանդակագործներ, որոնց անունները չեն հրապարակվում, դիմել են Նյու Յորքի ոստիկանություն` խնդրելով վերադարձնել քաղաքի այգիներից մեկից առգրավված ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին։

 

Ինչպես նշում է tass.ru-ն, ավելի վաղ` ապրիլի 6-ին, 1.2 մ բարձրությամբ բրոնզագույն կիսանդրին տեղադրվել էր նյույորքյան Բրուքլին թաղամասում, սակայն մի քանի ժամ անց ոստիկաններն ապամոնտաժել էին կիսանդրին ու առգրավել այն:

 

Քանդակագործների խումբն այս կապակցությամբ արդեն իրավաբան է վարձել: Վերջինս նշել է, որ «ոստիկանությունն իրավասու չէ անվերջ իր մոտ պահել արվեստի նմուշը, քանի որ քանդակն արգելված առարկա չէ»:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Սնոուդենը համաշխարհային ճանաչում է ստացել 2013թ. ամռանը, երբ ի լուր աշխարհի հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին: Ներկայում նա ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, մինչդեռ Միացյալ Նահանգների իշխանությունները բազմիցս նրան անվանել են «դավաճան» ու ասել, որ չեն պատրաստվում ներում շնորհել: