Հիրոսիմայում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դիպել է ալեհավաքին, կա 27 տուժած

08:40 • 15.04.15

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում Asiana Airways ավիաընկերության А320 ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 27 մարդ, գրում է rosbalt.ru-ն։

 

Օդանավը, որն իրականացրել է չվերթ հարավկորեական Ինչհոն քաղաքից, Հիրոսիմայում վայրէջքի ժամանակ դիպել է 18 մ բարձրությամբ ալեհավաքին, որը տեղադրված է եղել թռիչքուղուց ոչ հեռու։ Երբ ինքնաթիռը դիպել է վայրէջքուղուն, շրջվել է 90 աստիճանով և դուրս եկել դրա սահմաններից։

 

Միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 25 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։ Օդանավում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են Ճապոնիայի տրանսպորտային անվտանգության հանձնաժողովի մասնագետները։ Նրանք պետք է ուսումնասիրեն եղանակային պայմանները և գնահատեն օդաչուի գործողությունները։ Հետաքննության պատճառով Հիրոսիմայի օդանավակայանում չեղարկվել է 60 չվերթ։