Հռոմի պապի համամարդկային պահանջը Հայաստանին տվեց նաև քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ վատիկանյան զարգացումները շղթայական ռեակցիայի էֆեկտով կշարունակվեն ամբողջ աշխարհում: Շուտով նմանատիպ պատարագներ կլինեն Գերմանիայում և եվրոպական մի շարք երկրներում: Եվ ապրիլի 24-ին կղողանջեն աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը, Երևանի ժամանակով ժամը 19:15- ին, և քրիստոնեական ամբողջ աշխարհը, ըստ էության, իր միասնականությունը և աջակցությունն է հայտնելու հայ ժողովրդին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցած պատարագը շատ է տպավորել քաղաքագետին: Նրա դիտարկմամբ՝ այս կրոնական միջոցառումը մեծ և ազդեցիկ քաղաքական ենթատեքստ ուներ:
«Շատ տպավորիչ և հուզիչ էր, շատ հաճելի է, որ պատմական իրողությունը ներկայացնելու համար՝ այն կազմակերպվում է այսքան բարձր մակարդակով: Հայաստանը լավագույն կողմից ներկայացվեց կաթոլիկ աշխարհին: Սա համաշխարհային կոչ էր քաղաքակիրթ պետություններին վերհիշելու, դատապարտելու և կախելու նման հանցագործությունները: Թերևս, սա էր պատճառը, որ այդ կոչի հնչեղությունն ու ուժգնությունը ստիպեց Թուրքիային դիմել այնպիսի նյարդային քայլերի, որոնց արդյունքում, ըստ էության, ընտրեց խայտառակվելու ճանապարհը»,- նկատել է նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ավելի քան համոզված է, որ համամարդկային այս պահանջը, վերջիվերջո, ստիպելու է միջազգային հանրությանն ավելի ակտիվ լինել ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործում:
«Միանշանակ, սա մեզ տվեց քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը, ինչն առնվազը նշանակում է ինչ-որ չափով անվտանգության երաշխիքներ ունենալ՝ Թուրքիայի նոր հնարավոր ագրեսիվ քաղաքականությունից»,-ընդգծել է նա:
Քաղաքագետի խոսքով, եթե մինչ օրս ցեղասպանության մասին խոսում էին փոքր կառույցներում, ապա այժմ այն դառնում է համաշխարհային պահանջ, հետևաբար, դեմ գնալ համայն մարդկության պահանջին՝ շատ ավելի դժվար է լինելու: «Նույնը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահին, որը նաև իր պետության մեջ ունի կաթոլիկների մի ստվար զանգված: Համոզված եմ, որ այս ամենն ի վերջո բերելու է նրան, որ Թուրքային ճնշելու և պարտադրելու են ճանաչելու ցեղասպանությունը»,-ասել է նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ դիվանագիտության համար սա խոշոր խաղաթուղթ է: Շատ ակտիվ աշխատանքներ են տարվել, դիմակայվել են թուրք-ադրբեջանական հակազդեցությանը: Եղել են տարաբնույթ հայտարարություններ, սիրաշահումներ, սպառնալիքներ։
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա այս պահին նրանք փորձում են բացահայտել մեղավորին և մտել են փոխադարձ մեղադրանքների փուլ: Քաղաքագետի խոսքով՝ միմյանց մեղադրելով՝ նրանք փորձում են հրաժարվել այս պարտությունից: «Դե գիտենք, որ հաղթանակները շատ ծնողներ են ունենում, իսկ պարտությունները միշտ որբ են մնում»,- պատկերավոր պարզաբանել է նա:
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ այս «համաշխարհային տեղեկատվական ռումբի» արդյունքում, թուրք-ադրբեջանական տանդեմը համոզվեց, որ այլևս անիմաստ է սահմանային լարվածությամբ փորձել շեղել միջազգային հանրության ուշադրությունը հարյուրամյակի միջոցառումներից:










