Իսրայելի Քնեսեթի անդամները ներկա կլինեն Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին
Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի երկու անդամ կմասնակցի ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին: Ապրիլի 24-ին Երևան կայցելեն Քնեսեթի անդամներ Նաչման Շաին և Անատ Բերկոն, գրում է asbarez.com-ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին:
«Սա կարևոր պատմական նշանակության իրադարձություն է: 100 տարվա ընթացքում առաջին անգամ միջազգային հանրությունը վերջապես ճանաչում է մեծ անարդարությունը … Պետության տեսանկյունից և մարդասիրական պատճառներով ճիշտ է կանգնել ազգի կողքին, որը նման տանջանքների և կոտորածների միջով է անցել»,- ասել է Շաին:
Նա դեպքերը կոչել է «հայկական հոլոքոստ»՝ նշելով, որ «հրեա ժողովուրդը երբեմն չի սիրում, երբ այլ ազգեր օգտագործում են «հոլոքոստ» բառը, բայց դա անշուշտ հոլոքոստ է եղել»:
The Jerusalem Post-ի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հրավիրել է Իսրայելին պաշտոնական պատվիրակություն ուղարկել արարողությանը, և Իսրայելի արտգործնախարարությունը խնդրել է Քնեսեթին, որպեսզի երկու անդամ մասնակցի, ինչը, սակայն, չի նշանակում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցում կառավարության քաղաքականության փոփոխություն:
Շաին Իսրայելի որոշումը նկարագրել է որպես հասուն որոշում, գիտակցում, որ «ոչ մի վատ բան տեղի չի ունենա, եթե մենք ժեստ անենք հայերի հանդեպ»։
«Թուրքերը կարող է գժվեն, բայց մենք չենք կարող փակել մեր աչքերը 100 տարի անց։ Իսրայելը և հրեա ժողովուրդը չեն կարող անտեսել հայ ժողովրդի հոլոքոստը»,- հավելել է նա:










