Հռոմի պապն իրերն իրենց անուններով կոչեց. Պաոլո Քեշիշօղլու
Հայկական ծագում ունեցող հումորիստ և հեռուստահաղորդավար Պաոլո Քեշիշօղլուն իտալական «Ադնկրոնոս» պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին և Անկարայի արձագանքին՝ նշելով, որ շատ երջանիկ են, որ «Պապն իրերն իրենց անուններով կոչեց»։
«Ես դիվանագետ չեմ, սակայն կասեմ, որ կիրակի օրը մի անհավանական բան տեղի ունեցավ, պատմական բեկումնային շրջադարձ, իսկապես մի կարևոր իրադարձություն: Անմիջապես մտածեցի պապիկիս մասին, որը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ նմանատիպ իրադարձություն կարող էր երբևէ տեղի ունենալ: Բոլորս շատ երջանիկ ենք, որ Պապն իրերն իրենց անուններով կոչեց: Ոչ ոք չի ցանկանում օգտագործել այն ինչ պատահեց, այնուամենայնիվ թուրքերի պատասխանն ինձ բնավ չզարմացրեց»:
«Պապի խոսքերը ունկնդրելն արտասովոր էր, իսկապես աննախադեպ, - շարունակում է Քեշիշօղլուն, - հատկապես այն, թե ինչքան հստակ և հանգիստ խոսեց Ֆրանցիսկոս Պապն արարողության ընթացքում, որը շատ գեղեցիկ էր. այն բառերը, որ օգտագործեց շատ կարևոր էին, տպավորիչ... բոլորս հուզված էինք»:
«Բոլորս պետք է անմիջական ձևով հայտնենք թե՛ մի կողմին, թե՛ մյուս` նկատի ունենալով թուրքերին և հայերին,- ասում է հեռուստահաղորդավարը,- որ երկու կողմերն էլ չպետք է քաղաքականացնեն դեպքերը: Թուրքերի արձագանքն ինձ չի զարմացնում, դեռ ավելին, ինձ հաճելիորեն կզարմացներ հակառակ արձագանքը»:
«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է խոսել տեղի ունեցած փաստերի մասին, պատկերացնում եմ, որ եթե օրինակ դա աներ նաև Օզպետեկը, սա կլիներ մի շատ կարևոր իրադարձություն: Պետք է հավատանք նրան ինչ ճիշտ է: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգն իր ելույթում. «Երկչոտությունը հարցնում է՝ ապահո՞վ է: Հնարավորությունը հարցնում է՝ հարմա՞ր է: Սնափառությունը հարցնում է՝ հայտնի՞ է: Բայց գիտակցությունը հարցնում է՝ ճի՞շտ է: Վաղ թե ուշ գալիս է պահ, երբ պետք է գալ մի դիրքորոշման, որը ո՛չ ապահով է, ո՛չ հարմար, ո′չ հայտնի, այլ ճիշտ»: - Ահա եկել է այդ պահը, - եզրափակում է Քեշիշօղլուն:










