ԲՀԿ-ն դիմել է վարչապետին՝ ԱԺ «գազային» հանձնաժողովի բացահայտած խնդիրների մասին նամակով

11:50 • 16.04.15

ՀՀ Ազգային ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
 

Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, նամակում, մասնավորապես, ասված է.
 

«Հարգարժան  պարոն վարչապետ, ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ և մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են  համակողմանի և մանրակրկիտ  քննարկում և կոնկրետ քայլերի ձեռնարկում:

 


Մասնավորապես՝

1. Գազի սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման և ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի:

 

2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման և բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը և ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը և կազմում մինչև 8.64 %: Միայն գերնորմատիվային  3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3  գազ, որը միջին սակագնով  20 մլն ԱՄՆ դոլար է:Լրացուցիչ պարզաբանման և հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի  ծավալը:


3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակայնությունը, ինչպես նաև՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա: 
 

4. Անհրաժեշտ ենք համարում նաև քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների,  ներդրումային ծրագրերի       ուսումնասիրման և հաստատման,     լիցենզիաների     պայմանների  կատարման խնդիրները։
 

5.  Անհրաժեշտություն կա նաև քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության և արդյունավետության խնդիրը:


6. Կարևորագույն խնդիր ենք համարում նաև անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի և 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձևավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին:
 

Պարո՛ն վարչապետ,
Կարծում ենք, որ թե՛ վերոնշյալ, թե՛ գազամատակարարման  ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ  անհրաժեշտ է հրատապ  քննարկել կառավարությունում  և տալ  ինչպես   օպերատիվ, այնպես էլ  ռազմավարական բնույթի լուծումներ»: