Ապրիլի 24-ին ԳԴՀ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ կգումարվի
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունել է Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի և նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշել է, որ իր համար խորհրդանշական է Բունդեսթագի պատգամավորի կարգավիճակում այցելել Հայաստան և նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները:
Պատգամավորները տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հանդիպմանն անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի, և դրա արդյունքում տարածաշրջանում ակնկալվող զարգացումների շուրջ։










