Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Մահչուփյանի՝ Ցեղասպանության մասին հայտարարությունը
Թուրքիայի ազգային մեծ ժողովի առաջիկա ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Սադըք Յաքութը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Մահչուփյանն ասել էր, որ «1915-ի դեպքերը ցեղասպանություն չկոչելն անհնար է»։
«Վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող մեկը Խաչակրաց արշավանքը կազմակերպողների հետ նույն գաղափարները չպետք է ունենա։ 1915-ին ոչ թե ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ դավաճանություն»,-ասել է նա։
ԵՄ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը ևս մեկնաբանել է Մահչուփյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա Մահչուփյանի անձնական տեսակետն է։
«Որպես Թուրքիայի քաղաքացի՝ նա իր տեսակետն է ներկայացրել։ Սակայն այդ հայտարարությունը Թուրքիայի քաղաքացուն վայել չէ։ Գուցե նա հնարավորություն ունենա վերանայելու իր տեսակետը»,-ասել է նա։
Ի դեպ, Բոզքըրն անդրադարձել է նաև Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևին ու նշել, որ դա «պատմական ու իրավական իրականության հետ որևէ կապ չունի»։
«Այդ որոշումը Թուրքիայի ու թուրք ժողովրդի համար ոչինչ չի նշանակում։ Միլիոնավոր եվրոպացիների ներկայացնող Եվրախորհրդարանի պարտականությունը ոչ թե պատմություն գրելն է, այլ ներկայում առկա խնդիրների համար մնայուն լուծումներ գտնելը»,-ասել է նա։










