Եվրոպական խորհրդարանի բանաձևում ամրագրվում է Ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը. ՀՀ ԱԳՆ

00:28 • 16.04.15

2015թ. ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական Խորհրդարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 


ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:

 

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։


Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:

 

Այս բանաձևը, հանդիսանալով Եվրոպական նախաձեռնություն, հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը և ժխտողականության
տարրերի ներառումը:

 

Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ Դատի Հանձնախմբի և «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ:

 

Ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադայի կողմից բանաձևի նախագծի առաջադրմանը իր աջակցությունը բերեց նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բրյուսելյան գրասենյակը: