Ցեղասպանության ճանաչման գործընթացում հայաստանյան խաղաքարտն ակտիվացած է. Ս. Սաֆարյան
20 տարվա պատմությունից հետո Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փոխել է հայ-թուրքական հարաբերություններում տարվող արտաքին քաղաքականության կոնցեպցիան. այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Նա նախ հիշեցրեց ՀՀ երեք նախագահների՝ Հայոց ցեղասպանության հարցի օգտագործումը արտաքին քաղաքականության օրակարգում:
«Օբյեկտիվորեն նրանք փորձեցին երեք տարբեր կոնցեպցիաներ, բայց երեքն էլ բախվեցին նույն խնդրին՝ չնայած տարբերությանը, և այդ կոնցեպցիաների արդյունքում մեր հարաբերություններն ավելի են վատթարացել տարածաշրջանում, քան մենք ունեինք: Արդյունքում հրամայական էր, թուրքական քաղաքականության պլատֆորմի փոփոխությունը, ինչը տեղի ունեցավ 100-րդ տարելիցին և ներկայացվեց Հայաստանի և Սփյուռքի կողմից միասնական օրակարգով»,-ասաց նա՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցում ընդունված համահայկական հռչակագիրը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ Հայաստան-Թուրքիա երեք տարբեր մոտեցողներից հետո աշխարհը չափազանց լռելյայն հանդես եկավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանի կողմից տարվող «բավական խիզախ» կոնցեպցիայի արձանագրմանը, այլ կերպ ասած՝ հռչակագրին:
Նա կրկին հիշեցրեց նախորդ փորձերը, երբ միջազգային հանրությունը շատ ավելի նրբանկատ է եղել այս հարցերում և երբ պահանջատիրական նկրտումներ են եղել, անմիջապես արձագանքել է, թե դրանք կարող են վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերություններին և այլն:
«Հիմա անտարբեր են, թերևս դրա հետևանքն այն է, որ աշխարհը նույնքան լուռ էլ ընդունեց Հռոմի պապի գնահատականները: Որևէ մեկը չասաց, թե չի կարելի նման արտահայտություն անել, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը վտանգել: Հայաստանյան խաղաքարտն ակտիվացած է, և մեծ պրոցես է գնում միջազգային հանրության շրջանակում»,-նշեց նա:
Այսքանից հետո, քաղաքագետը նկատեց, թե բնականաբար Թուրքիան կագրեսիվանա և ոչ միայն կփորձի հարձակվել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների վրա, այլ կփորձի նաև պատժել հայամետ որևէ դրսևորում կամ հայերին:
«Հետևաբար ունենք թե՛ մարտահրավերներ՝ ի դեմս այս լարվածության մեծացման, նաև ունենք հնարավորություն բարելավելու և փորձարկելու այս տարբերակը»,-ասաց նա և մեջբերեց չինական մի ասացվածք:
«Կոնֆլիկտը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն. գլոբալ միտումների պայմաններում ՀՀ-ի համար ոչ միայն մարտահրավերներ են ստեղծվում, այլ նաև՝ հնարավորություն»,-ասաց նա և նշեց, թե պետք է սպասել, թե ինչքանով կօգտվի դրանից պաշտոնական Հայաստանը:










