ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև են ընդունել
ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ապրիլի 14-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փաստաթղթում նահանգային խորհրդարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:
Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:
Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն է հայտնել նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկատմամբ իրենց հանձնառության համար:
Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ:










