Ցեղասպանության մասին ԱԺ-ի հայտարարության տեքստի ընդունման ժամկետը կորոշվի ԱԺ նախագահի ՀՀ վերադառնալուց հետո

21:26 • 16.04.15

ԱԺ նախագահի` Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո կորոշվի`Ցեղասպանության մասին ԱԺ հայտարարությունը արտահերթով, թե՞ հերթականով կընդունվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


«Որևէ տարաձայնություն չկա, որևէ խնդիր չկա, կորոշենք` արտահերթով ենք անում` մինչև  24-ը, թե դրանից հետո»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ԱԺ-ի պատրաստած տեքստին միացել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները, և այն քննարկվել էր, սակայն չէր քվեարկվել, քանի որ քառօրյան ավարտվել էր:


Ներկայացնում ենք հայտարարության նախագիծը։


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը


– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» Օրենքը,


– արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,


– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,


– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.


Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն