Ըմբռնումով պետք է մոտենալ Հայոց ցեղասպանության հարցում Վրաստանի դիրքորոշմանը. Վան Բայբուրդ
Վրաստանի նախկին նախագահի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցով նախկին խորհրդական Վան Բայբուրդը, պատասխանելով Tert.am–ի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Վրաստանում ընդունվի Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձև, հաշվի առնելով երկրում թուրք-ադրբեջանական բնակչության և թուրք-ադրբեջանական-վրացական համատեղ էներգետիկ ծրագրերի առկայությունը, ասաց Վրաստանի դիրքորոշմանը հարկավոր է ըմբռնումով մոտենալ:
«Ես համարում եմ, որ սա այն հարցը չէ, որ ինչ-որ մեկին զոռես, որ ընդունես: Եվ միայն այն, որ Վրաստանում և՛ քաղաքական քննարկումներում, և՛ գործադիր իշխանությունը, և՛ մտավորականությունը, և՛ ժողովուրդը գիտեն, թե ինչ է պատահել 1915–ին, և, ի վերջո, Վրաստանը առաջին երկրներից էր, որ հայ գաղթականների ամենամեծ հոսքն ընդունեց, Վրաստանում հայ մտավորականների հետ միասին ստեղծվեցին շտաբեր, փախստականներին ապաստան ու հագուստ տվեցին»,- ասաց նա։
Վան Բայբուրդն ավելացրեց, որ Հայաստան այցելող վրաց պաշտոնյաները` վարչապետերի ու նախագահների մակարդակով միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ: «Ես համարում եմ, որ սրանով էլ է Վրաստանն ինչ-որ բան ասում, որ, այո՛, սա եղել է»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ախալքալաքցի պատգամավոր Սամվել Պետրոսյանը երեկ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում՝ կոչ էր արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
Վան Բայբուրդը նկատեց, որ ավելին այս ընթացքում դրական տեղաշարժ է արձանագրվում և որ Վատիկանում Հռոմի պապի պատարագը` Հայոց ցեղասպանության, նրա զոհերի մասին հիշատակումներով, այս օրերին լայնորեն լուսաբանվում է վրացական մամուլով և հեռուստատեսությամբ:
«Բոլոր ալիքները հաղորդեցին Վատիկանում Ֆրանցիսկոս պապի քարոզը, որը ինչպես ասում են` ամեն ինչն տեղը դրեց: Եվ Նույնը` Եվրոպական խորդարանի` Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին բանաձևը, բոլոր ալիքներով ցույց տվեցին»,-նկատեց Վան Բայբուրդը:
Նա որպես ամփոփում կանխատեսում է` որ այս բոլոր իրադարձությունները և դրանց մասին լրատվական հաղորդումները որպես «բարի սերմ ցանվում են այլ երկրների ժողովուրդների ուղեղներում, որի հետևանքնը կլինի առատ բերքը»:










