ԵԽ նախագահն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

09:22 • 17.04.15

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Զրույցի ընթացքում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մերժում է Ցեղասպանության վերաբերյալ ԵԽ-ի վերջին որոշումը, տեղեկացնում է«Անադոլու» գործակալությունը:



Շուլցն ասել է, թե անձնապես հասկանում է Թուրքիայի մոտեցումն ու պատասխան արձագանքն այդ հարցում:



Դավութօղլուն նշել է, թե «պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այդ նախաձեռնությունը» վնաս կհասցնի Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև բացասաբար կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
 

Թուրքիայի վարչապետը դարձյալ նշել է Հայաստանի հետ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց անպատասխան առաջարկի մասին:



Ի դեպ, երեկ Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցությունից երեքը՝ իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: