ՀՔԾ-ն կքննի Թուրքիայից Հայաստան առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման գործը

16:16 • 17.04.15

Քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել խոշոր չափի հաշիշ տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, և 12մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի մեթադոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
 

Քրեական գործով Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Կատարվում է նախաքննություն: