Օդաչուները պետք է ամուսնանան՝ դեպրեսիայից խուսափելու համար. Turkish Airlines-ի ղեկավար

16:15 • 17.04.15

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլն առաջարկել է իր ավիաընկերության օդաչուներին ամուսնանալ՝ դեպրեսիայից խուսափելու համար, ինչը կարող է հանգեցնել ավիավթարների, գրում է ria.ru-ն:

 

Մարտի վերջին Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող Germanwings ավիաընկերության Airbus A320-ը կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ավիավթարի հետևանքով մահացել է 150 մարդ: Հայտնաբերված «սև արկղերի» ձայնագրությունը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լուբիցի մտադրված գործողությունների պատճառով:

 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Լուբիցը երկար ժամանակ բուժվել է դեպրեսիայից, վերջին ամիսներին նա բազմաթիվ բժիշկների է այցելել:

 

«Օդաչուների կենսակերպը շատ կարևոր է: Ֆրանսիայում ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդաչուն բաժանվել է իր ընկերուհուց: Այդ պատճառով մենք քաջալերում ենք երիտասարդ օդաչուներին ամուսնանալ»,- ասել է Քոթիլը: