Փաստերի ամբողջական և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի շահերից. Սպիտակ տուն
Սպիտակ տունը հինգշաբթի օրն ազդանշան է տվել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառն Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը նկարագրելու համար՝ շարունակելով խախտել իր վաղեմի խոստումը, գրում է The Wall Street Journal թերթը՝ հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սպիտակ տունն այս տարի եզրույթն օգտագործելու կապակցությամբ ճնշումների է ենթարկվում, բայց հինգշաբթի օրը Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա:
«Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 միլիոն հայ է սպանվել կամ մահվան երթի ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը:
«Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այս մահերի համար և որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերից»,- հավելել է նա:
Այդուհանդերձ, Ջոշ Էրնեստը նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի երկար տարիների դիրքորոշումը հավանաբար նույնը կմնա նաև այս անգամ։










