Փախչելով Եմենից. Reuters-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)
Եմենում ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում 119 մարդ է զոհվել, վնասվածքներ է ստացել 715 մարդ: Այդ մասին ուրբաթ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը, որոնց մասին մարտի 19-ից հայտնել են բժշկական հաստատությունները, 767 է, իսկ վիրավորների թիվը՝ 2.906:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տեղահանված մարդկանց թիվն աճել է՝ հասնելով 334.093-ի, իսկ փախստականների թիվը՝ գրեթե 254,5 հազար մարդու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը 25,2 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Եմենում մարդասիրական գործողություններ անցկացնելու համար:
Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները (Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ, Քաթար, Հորդանան, Պակիստան, Եգիպտոս և Սուդան) Եմենի տարածքում ռազմական գործողություններ են սկսել, որն ուղղված է շիա ապստամբների ոչնչացմանը: Ապստամբները վերահսկողության տակ են վերցրել երկրի մեծ մասը: Մարտի 26-ի գիշերը կոալիցիոն ուժերը սկսել են օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանին, ինչպես նաև հուսիթների մի շարք ռազմական օբյեկտներին:










