Թ. Պողոսյանը ԵՄ միջոցառմանը ՀՀ ժողովրդավարության վիճակից բողոքող Լ. Զուրաբյանին խորհուրդ տվեց դիմել ՌԴ-ին
«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, թե համակարծիք չէ Հայաստանի մասին ԵՄ զեկույցի այն մասի հետ, թե Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով:
«Հայաստանը ոչ մեծ, ոչ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցել, հակառակը՝ եղել է հետընթաց, դրա վառ վկայությունը բռնությունների այն շղթան է, որը սկսվեց անցյալ տարվա հոկտեմբերից, սկսվեցին քաղաքական հետապնդումներ տարբեր մարդկանց նկատմամբ, ՀԱԿ-ի փոխնախագահը ծեծի ենթարկվեց, ԲՀԿ խորհրդի անդամը նույնպես դաժան ծեծի ենթարկվեց: Դրանք պետք է արձանագրված լինեին այստեղ, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների առումով վիճակը վատթարացել է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը շեշտեց, թե ՀՀ հեռուստաընկերությունների մեծ մասը կենտրոնացած է իշխանությունների ձեռքում, և ՀԱԿ-ը չունի հնարավորություն՝ ազատորեն իր կարծիքները տարածելու:
«Եթե ԵՄ-ն օգնի ընդդիմությանը բացել գոնե մեկ հեռուստաընկերություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց հայացքները տարածել, ապա դա կլիներ խոշոր նվաճում ժողովրդավարության առումով: Առաջարկեք նման ծրագիր մեր իշխանություններին, օգնեք, դա մեծ գումարներ չի պահանջում, բացել վեց հաճախականություն, և Հայաստանում մեծագույն թռիչք կկատարվի դեպի ժողովրդավարություն»,- Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային դիմելով ասաց նա և ապա հորդորեց ԵՄ-ին՝ Հայաստանի իշխանություններին քննադատել շատ կոշտ ձևով, և ուղիղ ձևով ներազդել նրանց վրա:
Լևոն Զուրաբյանին արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ տարակուսելով, որ Լևոն Զուրաբյանը մոտ տասը րոպե առաջարկություններ է անում ԵՄ ներկայացուցիչներին, սակայն վճռական պահին ՀԱԿ-ը քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին: Նա խորհուրդ տվեց ՀԱԿ պատգամավորին գնալ ու Ռուսաստանից պահանջել ժողովրդավարության ապահովում Հայաստանում:
Զուրաբյանին արձագանքեց նաև արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձախողում է գրանցվել:
«Նման ձևակերպում գոյություն չունի, կողմերը հստակ նշել են, որ ավարտվել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և նշվել է կարևորությունը՝ շարունակել նոր ձևաչափով»,-ասաց նա:










