«Millions of Lives». հայ և համաշխարհային աստղերը դատապարտում են Հայոց ցեղասպանությունը. տեսահոլովակի պրեմիերա

18:18 • 18.04.15

Համաշխարհային և հայ անվանի աստղերը համախմբվել են դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: Նրանք նկարահանվել են «Millions of Lives» խորագրով տեսահոլովակում և երգի միջոցով իրենց կոչ են հղել աշխարհին:

 

Տեսահոլովակը և երգը ստեղծվել է մշակույթի ներկայացուցիչներ Կարեն Մարգարյանի, Տիգրան Պետրոսյանի և Գրիշա Աղախանյանի նախաձեռնությամբ`ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

 

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան, որի ցուցադրությանը մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարերար Հրայր Հովնանյանը:

 

Մինչ տեսահոլովակի ցուցադրությունը՝ ծրագրի մենեջեր Գրիգոր Աղախանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երգ ու տեսահոլովակ ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ մեկ տարի առաջ:

 

«Ի սկզբանե որոշել էինք, որ երգը լինի անգլերենով և մատչելի լինի աշխարհում ապրող մարդկանց համար: Ծավալուն աշխատանք է կատարվել, նկարահանումներ են տեղի ունեցել տարբեր երկրներում»,-տեղեկացրեց Գրիգոր Աղախանյանը:

 

«Millions of Lives» տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Կոկո Յորքը, Պատրիկ Ֆիորին, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Արամ Mp3-ը, Արթուր Աբրահամը և ուրիշներ:

 

Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը:


Ծրագրի տնօրեն Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ երգը ոչ թե լաց է պարունակում, այլ իր մեջ է ամփոփում առաջ նայելու մղումը:



«Մենք այլևս չենք ցանկանում լռել: Որպես արվեստի մարդ մենք չենք ցանկանում հանդուրժել, որպեսզի լինեն նման ոճրագործություններ: Տեսահոլովակը դիտելու են ամբողջ աշխարհում համացանցի շնորհիվ: Ռուսական ալիքներով նույնպես այն կներկայացվի: Վաղվանից այն կլինի նաև համացանցում»,- տեղեկացրեց Տիգրան Պետրոսյանը:

 

Ի դեպ, տեսահոլովակում բոլոր աստղերը նկարահանվել են բացառապես անվճար և սիրով:

 

«Millions of Lives»-ը յուրօրինակ զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր մեծ հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը: Պապիկի կերպարը մարմնավորել է բարերար Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքիների ողբերգական ճակատագիրը:

 

Ասուլիսի բանախոսները նշեցին, որ համաշխարհային կինոյի աստղեր Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն ցանկություն են հայտնել, որ «Մայրիկ» ֆիլմից հատվածներ ցուցադրվեն տեսահոլովակում: