Բժշկական օգնություն, դեղեր են տրամադրվել Ցեղասպանությունը 28 վերապրածի. Արմեն Մուրադյան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես վերապրածների բժշկական անձնագրեր: «Ամբողջ համակարգը իր պարտքն է համարում այս աշխատանքներին միանալ իրենց հոգու կանչով ու պարտքի զգացումով»,-ասաց նա:
Բացի այդ` նախարարն ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը:
«Հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապօգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը»,- ասաց նա և նշեց, որ նախարարությունում ևս կսահմանվի հերթապահություն աշխատանքները համակարգող խորհրդի կողմից` նախարարի և փոխնախարարի ղեկավարությամբ, կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը:
Արմեն Մուրադյանը նաև հայտնեց, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ևս ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի »Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի ապրիլի սկզբին կատարվել է աուդիոմետրիկ հետազոտություն, որոնց արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրի լսողական սարքեր:
Ի դեպ ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:










