2015թ-ին պետական գնումների միջոցով ձեռք է կբերվի 2,5 միլիարդ դրամի դեղ. Արմեն Մուրադյան
2015 թվականին կարիքների համար պետական գնումների միջոցով ձեռք է կբերվի 2,5 միլիարդ դրամի դեղ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ այս ոլորտում նորույթ է այն, որ շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հաբերի ձեռքբերումն իրականացվելու է անմիջապես արտադրողից:
Նա հիշեցրեց, որ հունվարի 30-ի ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղերը ձեռք բերել հենց անմիջապես ֆրանսիական «Սերվիե» ընկերությունից և արդյունքում 2015 թ-ի համար ձեռքբերվող «Դիաբետոն» մեկ դեղի համար կծախսվի 36, 7 դրամ, և տասը տոկոս կտրամադրվի նվիրատվություն` որպես հումանիտար օգնություն:
«Սա հնարավորություն է տալիս ապահովել դեղամատակարարման 77 տոկոս ծածկույթ և տնտեսել շուրջ 60 միլիոն դրամ: Ամենակարևորը սա բնակչության գոհունակությունը առաջացրեց, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում էր ստանալ ֆրանսիական արտադրության հաբեր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, նախարարն ասաց, որ աշխատանքներ տարվեցին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից, որը որ ամբողջ աշխարհով մատակարարում է այդ պատվաստանյութերը, կարողացան բանակցային ճանապարհով հասնել փաթեթային լուծման և նրանցից ստանալ այդ գնային առաջարկը, ինչը թույլ տվեց այդ ուղղությամբ 209 միլիոն դրամ տնտեսել և բարձր վարկանիշ ունեցող պատվաստանյութեր կիրառել: «Կարծում եմ, որ սա ևս մեծ ձեռքբերումներից մեկն է»,- ասաց նա:
Արմեն Մուրադյանը մատնանշեց, որ վերջին տարիներին շաքարային դիաբետի հետ կապված ինսուլինի ձեռքբերման համար կնքված 5 տարով պայմանագիրը թույլ տվեց տարեկան տնտեսել միջինացված շուրջ 770 միլիոն դրամ և վերջին տարիներին 100 տոկոս ապահովվածություն տալ:
«Ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից շուրջ 600 հազար դոլարի չափով տնտեսումներ են եղել, որն այս տարի ուղղվելու է 5 նոր ամբուլատորիաների կառուցմանը»,-ասաց նա և ավելացրեց, որ այս տարի նաև նախատեսում են բացել 4 բժշկական կենտրոններ մարզերում` Կապանում, Բերդում, առողջության կենտրոն` Ճամբարակում և Մեղրիում»,-ասաց նա:
Նախարարն անդրադառնալով դեղերի ոլորտին` նշեց, որ իրենք փոփոխություն են իրականացրել դեղորայքային ներմուծման և ավելի պարզեցրել են ԵՏՄ երկրներից բերվող դեղերի հնարավոր ցանկերը, կարճացրել են ժամկետները հաշվի առնել, որ գնային քաղաքականությունը տարբեր էր: «Հնարավորություն ընձեռեցինք, որ մեր գործարարները ավելի հեշտացված ճանապարհով ձեռք բերեն»,- ասաց նաև հավելեց, որ սակայն դա չի լինի ի հաշիվ որակի: Նա ասաց, որ հանդիպել են դեղագործական կազմակերպությունների ղեկավարների հետ և դեղերի գների իջեցման միտումներ կան:










