Հայոց ցեղասպանության մերժումը դաժան է դարձնում աշխարհը. Շտեֆան Իրիգի անդրադարձը The Huffington Post-ում

14:51 • 18.04.15

Երուսաղեմի Վան Լեերի ինստիտուտի աշխատակից Շտեֆան Իրիգը պատկերացնում է, թե ունի երևակայական փոքր հայ քույր և ասում, որ չգիտի իրականում՝ որտեղ սգալ նրա մահը, որովհետև ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, նա կրկին ու կրկին մահանում է՝ այդպես էլ հանգստություն չգտնելով: Թուրքական ժխտողականությունը թույլ չի տալիս ոչ ոքի հանգիստ գտնել, գրում է Շտեֆան Իրիգը The Huffington Post-ում: Հեղինակը նշում է, որ ինքը մշտապես տեսնում է այդ երեխային Ցեղասպանությունը նկարագրող հայտնի լուսանկարներում:

 

Որպես պատմաբան, ով աշխատում է Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման և բանավեճերի գծով, հեղինակը տեսնում է, որ հարյուր տարի անց բանավեճերը չնչին առաջընթաց են գրանցել: Դա ցույց է տալիս, որ վերջին դարի ընթացքում սարսափելի սխալ ուղղությամբ է ամեն ինչ ընթացել: Պետք է հարցնել, թե ինչու է այսքան տասնամյակ շարունակվել ժխտողականությունը, ինչու էր Վատիկանին այսքան ժամանակ հարկավոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունն անելու համար։

 

«Մենք՝ իմ հայ քույրը, աշխարհը և մերժողական քաղաքականություն իրականացնողները, չափազանց երկար ժամանակ է, ինչ խաղացել ենք ճանաչելու և մերժելու այլանդակ խաղը»,- գրում է հեղինակը:

 

Հոդվածագիրը նշում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դիվանագիտական փաստաթղթերը հրապարակվել են դեռևս 1919 թվականին և այսօր հասանելի են բոլորին: Օսմանյան թուրքերի գլխավոր դաշնակցի կողմից հրապարակված այս փաստաթղթերն անհնար են դարձնում «ցեղասպանություն» բառը չօգտագործելը:

 

Հայոց ցեղասպանությունը պատմության մաս է, որը թույլ չի տրվում, որ պատմություն դառնա: Այն մշտապես վերադառնում է ներկա և չի կարողանում իր տեղը գտնել պատմական անցյալում:
Ցեղասպանության մերժումը մշտապես շշնջում է բոլորի ականջներին, որ Ցեղասպանությունը կարող է մոռացվել, և դա կարող է նույնիսկ նորմալ լինել:

 

Հեղինակը հոդվածը եզրափակում է՝ նշելով, որ ժամանակն է վերջն դնել մերժողականությանը և բոլորով օգտագործել «ցեղասպանություն» բառը: