Բարաք Օբաման և Հայոց ցեղասպանության ճանաչումը. The Huffington Post
The Huffington Post-ի հայազգի հոդվածագիր Լունա Ադամյանը հոդված է հրապարակել, որում հույս է հայտնում, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կօգտագործի իր եզակի հնարավորությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել 1914-1918 թվականներին, որի նպատակն էր վերջ դնել նրանց հավաքական գոյությանը: Դա 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկն է, որ անվանվում է առաջին ժամանակակից Ցեղասպանություն: Սակայն Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց դրա հեղինակ Թուրքիան հրաժարվում է հաշտվել իր ցեղասպան անցյալի հետ: Երկիրը ո՛չ միայն հերքում է իր ամոթալի անցյալը, այլև` դատապարտում է այլ կառավարությունների կողմից ցանկացած ճանաչում իր սպառնալիքներով ու ծաղրական քաղաքականությամբ:
Այդ վայրագություններից հետո հայերից շատերը հաստատվեցին Ամերիկայում` դառնալով ամերիկահայեր: Փաստացի, Ամերիկան դարձավ երկրորդ ամենամեծ հայ բնակչությունն ունեցող երկիրը Հայաստանից հետո: Տարիներ շարունակ հայ համայնքը հույս է փայփայել, որ կառավարությունը մի օր կճանաչի Ցեղասպանության ողբերգական իրականությունը: Ամեն ինչից զատ, Ամերիկան ազատության, բազմազանության, արդարադատության և հնարավորությունների երկիր է, և Նախագահը մարմնավորումն է այս բոլոր արժեքների», - գրում է Լունա Ադամյանը:
Հեղինակն անդրադարձել է տարիներ առաջ սենատոր Բարաք Օբամայի` որպես ԱՄՆ նախագահի թեկնածուի տված խոստմանը՝ հիշելով նրա խոսքերը. «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, կարծիք կամ տեսակետ չէ, այլ վավերագրված փաստ, որն ուղեկցվում է պատմական ապացույցներով: Փաստերն անհերքելի են… որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
«Այս հայտարարությունից 6 տարի անց Հայոց ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել: Կարող եք հարցնել՝ ինչու՞: Թուրքիան նախազգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը խորապես կազդի Ամերիկայի հետ իր հարաբերությունների վրա: Հետևաբար, Նախագահ Օբաման չի ցանկանում վշտացնել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային»,-գրել է հոդվածագիրը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին:
«Հուսանք, որ նա կօգտագործի այս եզակի հնարավորությունը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հուսանք, որ նա «լիովին կճանաչի մարդկության ամենասարսափելի հանցագործություններից մեկը»: Հուսանք, որ նա «կօգնի կանխել ապագա ցեղասպանությունները՝ վերահաստատելով, որ մենք չենք հանդուրժի մարդկային արժանապատվության ոտնահարումը»: Հուսանք…», - եզրափակել է հոդվածագիրը:










