Ուկրաինան պետք է միանա այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Зеркало недели. Украина»
Արյունալի 20-րդ դարի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս այսօր պնդել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկնարկ է հանդիսացել ողբերգական իրադարձությունների մի շարքի համար, որոնց ընթացքում պետությունը իր ռասսայական, ազգային, գաղափարական կամ դասակարգային ուսմունքի համար դաժանությամբ, երբեմն նաև բացահայտ սադիզմով, ոչնչացնում էր անպաշտպան խաղաղ բնակչությանը, գրում է «Зеркало недели. Украина»-ն: Կայքը Հայոց ցեղասպանությանը հաջորդած ողբերգական իրադարձությունների շարքում նաև տեսնում Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, որի ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով 6 հազարից ավելի մարդ է մահացել:
«Այսօր, հատկապես իրապես գործող Ուկրաինա-թուրքական նախագծերի, Թուրքիայի կողմից մեր շահերն արհամարհելու, Մոսկվայի հետ Անկարայի մերձեցման ֆոնին, մենք համոզվում ենք, որ Ուկրաինայի նախորդ ղեկավարության քաղաքականությունը, որով մերժվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա պատճառաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմամբ, սխալ է եղել»,- գրում է «Зеркало недели. Украина»-ն:
«Դժբախտաբար, պատմությունն այսօր պահանջված չէ իշխանություն ունեցողների մոտ: Անկարայում ներկայիս քաղաքական գործիչները պետք է որ իմանան, որ շուտ թե ուշ Ռուսաստանի հետ սիրախաղ անելը, որպես օրենք, վատ է ավարտվում: Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական կարճատեսության համար նրանք ստիպված կլինեն վճարել ապագայում: Բայց մենք պետք է գործենք այլ սկզբունքներով»,- գրված է հոդվածում:
Ուկրաինայի արտաքին քաղաքականության վերանայման ճանապարհին առաջին քայլերից մեկը պետք է դառնա Ուկրաինայի միացումը այն երկրներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ պաշտոնական Կիևի համապատասխան հայտարարության մեջ նպատակահարմար կլիներ ցավակցություն հայտնել այդ թվերին Օսմանյան կայսրությունում զանգվածային ռեպրեսիաների բոլոր զոհերին:










